«Դավոն» պատմվածքում Մուշեղ
Գալշոյանը տվել է հայ զինվորի տիպիկ ու գեղեցիկ բնութագրում: Վերջերս անընդհատ բախվում
էի հայ զինվորի կյանքի վտանգման իրականությանը: Հավանաբար հիմա ցանկացած ընտանիք ունի
գոնե մեկ զինվոր սահմանին: Ու կարծում եմ՝ այս թեման միշտ ազդեցիկ է լինում յուրաքանչյուրիս
համար:
Պատմվածքի հերոս Դավոն արդեն
մահվան եզրին էր, և նրա շուրջն էին հավաքվել իր համերկրացի ծերունիները, որոնց մեջ
կար նաև նրա զենքի ընկերը՝ Համզե Պչուկը: Նրանք միասին էին կռվել, միասին հաղթանակել,
միասին առաջնորդվում էին «Ով
զարկվեց՝ դավաճան է» սկզբունքով: Եվ բոլորն էին առաջնորդվում այս սկզբունքով՝
զորավար Անդրանիկի զորքը: Նրանք միասին կռվել էին Ցիցքարի կռվում, ու Դավոն, մահվան
մահճին պառկած, մտքով այնտեղ էր՝ Ցիցքարի կռվում: Նա ուզում էր ետ գնալ այդ օրերը ու
Պչուկին էլ էր ուզում տանել: Ամուր սեղմում էր զենքի ընկերոջ ձեռքը ու ձայնը հազիվհազ
դուրս էր հանում շուրթերից: