Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ
մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Ծնվել է 1869 թվականի
փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի
գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից
շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան
Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել
դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ
Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել
80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր
թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ»
հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական
գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX
դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի
ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից
շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը
լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված
Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ),
«Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890,
հրատարակվել է 1892թ)։