Wednesday, February 17, 2016

Այցելեցինք

Վաղուց որոշել էինք կենսաբանության խմբով այցելեինք որևէ բժշկական հաստատություն։ Եվ այնպես ստացվեց, որ երեկ բոլորով հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք դեպի «Բլադ Սելս» Ախտորոշման լաբարատորիա։
Անկեղծ ասած ես այդքան էլ պատկերացում չունեի թե ուր ենք գնում, ինչ էինք անելու էնտեղ, ինչ էինք տեսնելու, ինչերի հետ էինք գործ ունենալու։ Բայց հենց առաջին րոպեից էլ արդեն ամեն ինչ հաճելի էր, նույնիսկ, եթե շատերի համար կարող է արյուն տեսնելն ինչ-որ պահ տհաճ լինել։ Հյուրընկալումը շատ ջերմ էր ու պատրաստված։ Միանգամից հագանք մեր բժշկական խալաթներն ու անցանք հետախուզության։ Մեզ ուղեկցող բժիշկները շատ գրագետ կերպով ներկայացրին մեզ շրջապատող ամեն սարքավորումներ ու սրվակների պարունակություններ։


Ես հիշում եմ, որ մինչև ներս մտնելը, ուսուցչուհուս ասեցի, որ արյանս խումբը չգիտեմ, ու երևի բախտս բերեց, երբ բժիշկն ասեց․ «Կարող ենք Ձեզնից մեկի արյունը վերցնել, ու դրա վրա հետազոտություններ կատարել, ո՞վ կուզենա»։ Ես միանգամից ձեռքս բարձրացրի առանց մտածելու, որ կարող է ցավոտ լինել։ Ուղղակի ինձ հետաքրքիր էր իմ արյան հետ կապված շատ բաներ։ Բժիշկներն ամեն ինչ բացատրելով էին անում, նույնիսկ, թե ինչպես պիտի կապենք ժգուտը։ Շատ չծավալվեմ: Արյան ընդհանուր անալիզ հանձնեցի ու միանգամից տեղափոխվեցի հարևան սենյակ։ Իմ արյունով լի սրվակը պահեցինք ասեղի տակ, որը սարքից էր դուրս եկած, որպիսի ընդունի իրեն հարկավոր բավականաչափ արյուն։ Մեկ երկու րոպե սպասելուց հետո բժիշկն ասեց․ «Շատ լավ է Ձեր տարիքի համար»։ Հետո պիտի ստուգեինք արյանս խումբը, որի ընթացքն ու արդյունքը ինձ ամենից շատն էր հետաքրքրում՝ III Rh+ դրական։

Լաբարատորիայում կային նոր սարքավորումներ, որոնք 2014-2015 թվականներին էին բերվել։ Դրանք բավականին հզոր սարքեր էին, որոնք իրենց աշխատանքը կատարում էին հաշված րոպեներում, իսկ մարդը պետք է ժամերով հաշվարկեր։ Ես ուշադիր հետևում էի նրանց աշխատանքին, դրանք մի վայրկյանում կատարում էին հսկայական աշխատանք, կարծես մարդու ուղեղ լինեին։


Վերջում բժիշկն ինձ կանչեց և հանձնեց իմ արյան ընդհանուր անալիզի բոլոր արդյունքները և՛ անգլերեն, և՛ հայերեն տարբերակներով։ Ուրախ տրամադրությամբ ու հպարտ բոլորս շնորհակալություն հայտնեցինք ու լքեցինք լաբարատորիան։ 












No comments:

Post a Comment

Translate