Sunday, February 7, 2016

Վահան Տերյան

Տերյանի բանաստեղծությունները, երբ առաջին անգամ կարդացի, ինձ թվաց, թե ես կարդում եմ ինձ: Այն ինչ ես եմ զգում, կարելի է նաև ասել՝ մտածում եմ, ամբողջն արտահայտված են նրա բանաստեղծությունների մեջ: Իհարկե չեմ հասցրել Տերյանի բոլոր բանաստեղծություններն ընթերցել, բայց որոնք էլ որ կարդացել եմ, բավական են, որ ես Տերյանին շատ սիրեմ ու ինձ մոտ զգամ: Երբ ես ընթերցում եմ նրա բանաստեղծությունները, ինձ թվում է, թե իմ պատմությունն եմ պատմում. և՛ հաճույք ու ուրախություն եմ ստանում, և՛ տխրում եմ՝ հասկանալով ու գիտակցելով, թե ինչ եմ կարդում: Երբեք չեմ հոգնում ինքս ինձ համար պատահաբար ընտրած բանաստեղծություններից ու միշտ զգալով եմ արտաբերում նրա գրած ամեն մի բառը:
Ինձ միշտ թվացել է, որ Տերյանը մթություն է սիրում: Իմ մեջ տպավորվել է, որ Տերյանը սիրում էր մթության մեջ նստել, մտածել, քննարկել, վերլուծել ու գրել: Նա հիվանդ էր թոքախտով, ինչպես և այդ ժամանակների շատ գրողներ: Տերյանի մեջ կար մռայլություն, նա մառախուղի մեջ էր։ Այս ամենն արտացոլվում է նրա բանաստեղծություններում: Կարող եմ մի քանի տողեր օրինակ բերել, որոնք ցույց կտան նրա մթության բացահայտումը։


Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու․․․․․
․․․
Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ․․․․․

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցընորում է կապույտ մութի աշխարհում
․․․(«Մթնշաղ»)

․․․ Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ
․․․ («Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում »)

Տերյանի գրած մոտ տասներկու բանաստեղծություններում՝ համենայն դեպս իմ հանդիպած, շեշտվում են մթնշաղ ու մթություն բառերը։ Իսկ այս մի բանաստեղծությունը իմ ամենասիրածներից է

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...


Այստեղ Տերյանը խորհրդավորություն է տեսնում աղջկա մեջ։ Ասում է քո հոգու վրա կա մի վարագույր այդ այն վարագույրն է, որը թաքցնում ու ծածկում է նրան, ավելի ճիշտ, նա է ծածկում ինքն իրեն։ Սակայն հնարավորություն կա այդ վարագույրները բացելու։ Տերյանն ասում է և՛ սիրում եմ քեզ, և՛ քեզ չգիտեմ։ Այո, սիրում է բայց չի ճանաչում, ուզում է բացահայտնի, բայց կբացահայտվի՞ արդյոք․․․չգիտեմ։

Սիմվոլիզմը 19-20-րդ դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղությունն է, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների՝ խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։ Սիմվոլիսները կենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել մարդու հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով, ինչպես և Տերյանն է կարողացել։ Մարդու հոգեկան աշխարհն ու ապրումները նա  իր բանաստեղծություններում ներկայացնում է հիմնականում ինչ-որ մեկին հասցեագրելով, իմ կարծիքով որպեսզի ավելի դիպուկ ու իմաստալից խոսքերը հնչեն: Մութ ու ցավոտ իրականությունից պոկվելով՝ նա ստեղծում է իր երազանքների աշխարհը, և այստեղ իրական և անիրական աշխարհները և՛ առանձնանում են միմյանցից, և՛խառնվում, մտնում ու լուծվում իրար մեջ՝ անճանաչելի դառնում։
Օրինակ «Մեղմիվ փռվեց քնքուշ մութ
․․․» բանաստեղծության մեջ Տերյանը որոշ բառեր արտահայտել է սիմվոլի միջոցով։ Մեջբերեմ միայն առաջին քառատունը

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազներ իմ փութանցիկ...


Կարծում եմ նա կապույտը համեմատել է պարզության հետ։ Կապույտ երեկո, կարծես պարզ ու հանգիստ երեկո։ Քնքուշ մութ, այսինքն մեղմ ու դուրեկան մթություն, որը համահունչ է սրտի կամ հոգու հետ։ Երազներ, որոնք շուտ են ավարտվում ու չեն թողնում, որպիսի այդ անիրական աշխարհում մարդ մի քիչ էլ երջանիկ մնա։ 

No comments:

Post a Comment

Translate