Friday, January 15, 2016

Քուն

Այս նյութում կխոսեմ քնի՝ դրա տեսակների և փուլերի մասին։ Եվ կներկայացնեմ որոշ կենդանիների քնի առանձնահատկությունները։ Ինչպես նաև այստեղ կամփոփվեն քնի խանգարման մասին փաստեր և մի քանի խորհուրդներ, որոնք բացասաբար են ազդում քնի վրա, եթե կատարվել են դրանից 1-2 ժամ առաջ։
Այսպիսով, քուն բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ և որոշ փուլերում նաև` ուղեղի գործունեության նվազագույն աստիճանով։ Այն բնորոշ է բոլոր կաթնասուններին, թռչուններին, ձկներին, միջատներին և այլ կենդանատեսակներին։ Ֆիզիոլոգիական քունը տարբերվում է նմանատիպ այլ վիճակներից` անաբիոզից (ձմեռային քուն), հիպնոսից, կոմայից, ուշաթափությունից և լեթարգիական քնից։
Քնի ընթացքում ուժեղանում են անաբոլիզմի և թուլանում կատաբոլիզմի գործընթացները։ Այդ պատճառով նորածինները օրվա մեծ մասն անցկացնում են քնած վիճակում։
Բացի սովորոկան հանդիպող գիշերային քնից, որոշ ժողովուրդներին հատուկ է նաև ավանդական ցերեկային քունը (սիեստա)։ Քունը նպաստում է ստացված տեղեկատվության մշակմանն ու պահպանմանը, T-լիմֆոցիտների ակտիվացման միջոցով՝ իմունիտետի վերականգնմանը։
Մարտի յուրաքանչյուր երկրորդ ամբողջական շաբաթի ուրբաթ օրը Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի կողմից նշվում է որպես քնի համաշխարհային օր։

Քնի տեսակներն ու փուլերը
Քնի մեկ ցիկլը բաղկացած է քնի 2 տեսակներից՝ դանդաղ ալիքային և արագ ալիքային քուն։
Դանդաղ ալիքային քունը բաղկացած է չորս փուլերից։ Քունը սովորաբար սկսվում է դանդաղ քնի առաջին փուլից, որը մարդու մոտ տևում է 5-10 րոպե։ Դրան հետևում է երկրորդ փուլը` 20 րոպե տևողությամբ և 30-45 րոպեանոց 3-4-րդ փուլերը։ Դրանից հետո քնածը վերադառնում է դանդաղ քնի 2-րդ փուլ, որին հաջորդում է առաջին արագ քունը և տևում է մոտավորապես 5 րոպե։ Նշված ամբողջ հերթականությունը կոչվում է բոլորաշրջան (ցիկլ)։ Առաջին բոլորաշրջանը տևում է 90-100 րոպե։ Այնուհետև դրանք կրկվում են, որի ընթացքում դանդաղ քնի մասնաբաժինն աստիճանաբար պակասում է և մեծանում արագ քնի տևողությունը, որը որոշ դեպքերում կարող է տևել մինչև 1 ժամ։ Սովորաբար քնի բոլորաշրջանները կրկնվում են մինչև 5 անգամ։

Դանդաղ ալիքային քուն
Դանդաղ քունը կազմում է ամբողջ քնի 70-75 %-ը և կազմված է չորս փուլերից.
1.   Առաջին փուլում (նինջ) քնից առաջ առաջանում է քնկոտության վիճակ, ուղեղի ակտիվության նվազում, հորանջ, զգայական համակարգերի գործունեության թուլացում, դանդաղասրտություն, շնչառության հաճախության նվազում, գեղձերի արտազատիչ գործունեության նվազում։ Նվազում է մկանային ակտիվությունը, նյութափոխանակությունը, իջնում է մարմնի ջերմաստիճանը։
2.   Երկրորդ փուլում (մակերեսային քուն) մկանային ակտիվությունը, սրտի կծկումների հաճախությունը, մարմնի ջերմաստիճանը շարունակում են նվազել, աչքերն անշարժ են։ Այս փուլը կազմում է քնի 45-55 %-ը
3.   Երրորդ (միջին խորության քուն) փուլը կազմում է ամբողջ քնի 5-8 %-ը։
4.   Չորրորդ փուլը քնի ամենախորը փուլն է, որտեղ մարդիկ նույնպես երազներ են տեսնում, սակայն չեն հիշում։ Կազմում է ամբողջական քնի 10-15 %-ը։

Արագ ալիքային քուն
Արագ քունը քնի 5-րդ փուլն է, որը բացահայտվել է 1953 թ.-ին ամերիկացի նյարդաֆիզիոլոգ Նաթանայել Կլեյտմանի և նրա ասպիրանտ Յուջին Ասերինսկու կողմից։ Այն կազմում է ամբողջ քնի 20-25 %-ը։ 
Արագ ալիքային քունը բացակայում է սողունների մոտ, թռչունների մոտ թույլ է արտահայտված և հանդիպում է կաթնասունների մոտ։ Արագ քնի փուլում ընդհանուր մկանային լարվածությունը խիստ թուլացած է։ Սակայն կարող է նկատվել կենդանիների ականջների, բեղիկների, պոչի, թաթերի առանձին մկանների ոչ պարբերական կծկումներ։ Քնի արագ փուլում փակված վիճակում աչքերը կատարում են արագ շարժումներ։ Այս փուլում արագանում է շնչառության և սրտի կծկման հաճախությունը, անոթազարկը դառնում է անռիթմիկ, բարձրանում է արյան ճնշումը, ընկճվում է ողնուղեղի շարժանեյրոնների ակտիվությունը։ Մարդկանց մոտ երազները գլխավորապես առաջանում են այս փուլում։
Առաջին արագ քունը տևում է 5-10 րոպե, իսկ հետագա կրկնումների տևողությունն աստիճանաբար մեծանում է։ Ի ծնե կույր մարդիկ քնի արագ փուլ չունեն։ Գիշատիչների արագ քունն ավելի երկար է տևում, քան նրանց զոհերինը։ Դա կարևոր է, քանի որ արագ քնից կենդանիներն առավել դժվարությամբ են արթնանում։ Սողուններն ընդհանրապես քնի արագ փուլ չունեն, նրանց մոտ արձանագրվել են միայն դանդաղ քնի 3-րդ և 4-րդ փուլերը։

Կետանմանները, դելֆինները, թռչուններն ու որոշ սողուններ օժտված են միակողմանի քնով։ Նրանք տվյալ պահին քնում են իրենց մի կիսագնդով, մինչդեռ մյուսը գործում է և այսպես հաջորդաբար փոփոխվում։ Ջրում ապրող կենդանիների միակողմանի քնի առկայությունը կարևորվում է շնչառության պահպանման տեսակետից, քանի որ կարիք ունեն ժամանակ առ ժամանակ բարձրանալ ջրի մակերես` օդ հավաքելու համար։ Որոշ կետանմաններ և դելֆինները կյանքի առաջին ամսում ընդհանրապես չեն քնում։
Թռչունները քնում են կանգնած, նստած, իսկ որոշները նույնիսկ` թռիչքի ժամանակ։ Չվող թռչուների մոտ մշակվել է մի հետաքրքիր մեխանիզմ, որն օգնում է նրանց ննջել երկարատև թռիչքների ժամանակ։ Թռչունը թռչում է երամի կենտրոն, փակում աչքերը և շատ թեթևակի թափահարում թևերը։ Այդ պահին նրա լսողությունը սրվում է, որը հնարավորություն է տալիս լսել մյուս թռչունների թևերի թափահարոցը և չշեղվել ուղուց։ Նա թռչում է այն օդային հոսանքներով, որն առաջացնում է ամբողջ երամը։ 10-15 րոպե անց թռչունները փոխվում են տեղերով։

Խանգարումներ
Ճիշտ սնունդն ու ֆիզիկական վարժությունները բավարար չեն առողջ լինելու ու լավ ինքնազգացողություն ունենալու համար։ Ինչպես հավաստիացնում է քնի խանգարումների հարցերով փորձագետ Խարնիտ Վալիյանը՝ օրգանիզմի համար չափազանց կարևոր է օրական առնվազն 7 ժամ քնելը։
National Sleep Foundation-ի մասնագետների խոսքով՝ մարդուն անհրաժեշտ քնի տևողությունը պայմանավորված է նրա տարիքով.

1.   
տարեց մարդիկ՝ 65+՝ 7-8 ժամ,

2.      մեծահասակներ՝ 26-64 տարեկան՝ 7-9 ժամ,
3.      երիտասարդ մարդիկ՝ 18-25 տարեկան՝ 7-9 ժամ,
4.      դեռահասներ՝ 14-17 տարեկան՝ 8-10 ժամ,
5.      դպրոցական տարիքի երեխաներ՝6-13 տարեկան՝ 9-11 ժամ,
6.      նախադպրոցական տարիքի երեխաներ՝ 3-5 տարեկան՝ 10-13 ժամ,
7.      փոքրիկներ՝ 1-2 տարեկան՝ 11-14 ժամ,
8.      կրծկեր երեխաներ՝ 4-11 ամսական՝ 12-15 ժամ,
9.      նորածիններ՝ 0-3 ամսական՝ 14-17 ժամ:


Բժիշկ Վալիյանի խոսքով՝ քիչ քնելու դեպքում կարող են առաջանալ հետևալ խնդիրները

1.      ուշադրության խնդիր. եթե նույնիսկ 1.5 ժամ քիչ եք քնում, քան անհրաժեշտ է, ապա քնի պակասն անմիջապես անդրադառնում է ձեր ուշադրության վրա,
2.      հիշողության խնդիր. քնի պակասն անմիջապես անդրադառնում է մտածելու և տեղեկությունները հիշելու ունակության վրա,
3.      վիճաբանություններ. քնի պակասը կփչացնի Ձեր տրամադրությունը ու կարող է ուրիշ մարդկանց հետ վեճերի պատճառ դառնալ,
4.      կյանքի որակը. Դուք ցանկություն չեք ունենա անել այն, ինչ սովորաբար անում եք,
5.      վթարների հավանականություն. բավարար չափով չքնելը վթարների հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում:

Այսքանով խնդիրները չեն սահմանափակվում։ Եթե մարդը պարբերաբար քիչ է քնում, նրա մոտ կարող են սկսվել նաև ավելի երկարաժամկետ ու լուրջ առողջական խնդիրներ՝ զարկերակային բարձր ճնշում, շաքարախտ, ինֆարկտ, կաթված, ճարպակալում, դեպրեսիա, լիբիդոյի նվազում և այլն։ Արտաքինի վրա քնի պակասը նույնպես ազդում է՝ դառնալով վաղաժամ կնճիռների, աչքերի շուրջ մուգ շրջանակների ու շատ այլ խնդիրների պատճառ։

Այժմ մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչ չի կարելի անել քնելուց առաջ
(ներկյացնում է healtinfo.ua-ն )

1.      Մազերը լվանալ քնելուց առաջ և քնել թաց մազերով:
2.      Ալկոհոլ օգտագործել, բացի այն, որ ալկոհոլի օգտագործումից հետո հանգիստ և խուրը քուն չի լինի, հանգստի վրա կազդեն նաև լցված միզապարկը և օրգանիզմի ջրազրկումը:
3.      Աղի օգտագործում. ընթրիքի ժամանակ օգտագործած աղի ուտելիքը ջրազրկում է օրգանիզմը:
4.      Պառկել քնելու հյուսած մազերով:
5.      Քսուկի հաստ շերտ քսել:
6.      Զբաղվել մտավոր կամ ֆիզիկական գործունեությամբ:
7.      Հեռուստացույցի կամ համակարգչի առջև երկար նստել:
8.      Քնից երկու ժամ առաջ առույգացնող ոչինչ մի արեք, մի մարզվեք, սուրճ մի խմեք, հեռախոսով եւ պլանշետներով մի խաղացեք: Հեռուստացույց  նայել եւս խորհուրդ չի տրվում: Եթե դրսում լույս կա, կարելի է պատուհանները ծածկել ծանր վարագույրներով, որպեսզի օրգանիզմը սկսի հասկանալ, որ եկել է քնելու ժամանակը։


Այստեղ կտեղադրեմ մի քանի հղումներ, որոնցում կարող եք գտնել հետաքրքիր տեղեկություններ ու խորհուրդներ քնի ամենատարբեր թեմաներով

Med-Practic1, 2, 3, 4,  5.


Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4.

No comments:

Post a Comment

Translate