Tuesday, December 22, 2015

Ցարական Ռուսաստանի քաղաքականությունը

Նախաբան

Ռուսաստանի այս քաղաքականությունը, առաջնորդվելով «Ռուսաստանը ռուսների համար» սկզբունքով, փորձում էր Արևելյան Հայաստանում փոխել բնակչության ազգային կազմը՝ որքան հնարավոր է շատ ռուսներ բնակեցնելով: Նրանք եկվորներին ավելի շատ հողեր էին տալիս և ավելի երկար ժամանակով ազատում հարկերից ու տուրքերից: Ցարական կառավարության կողմից տարվող այդ քաղաքականության հետևանքով Լոռիում, Սևանի ավազանում, Կարսի մարզում, Զանգեզուրի ու Ղազախի գավառներում բնակություն հաստատեցին հազարավոր ռուսական ընտանիքներ:

Այս նյութում ամփոփվում է Ցարական Ռուսաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը, Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը 19-20-րդ դարերում, և այդ ժամանակահատվածի մշակույթը` հատկապես ուշադրություն դարձնելով դպրոցներին:
-----------------------------------------------------------------------------------------------------------------

1860-1870-ական թթ. բարենորոգումների և տնտեսական կյանքի որոշ բարելավումներից հետո ցարիզմը փոխեց իր վերաբերմունքը և ուժեղացրեց ճնշումների ու հալածանքների քաղաքականությունը: 1881թ. մարտի 1-ին բարեփոխումներ իրականացնող Ալեքսանդր II կայսրի սպանությունը առիթ դարձնելով՝ կառավարությունը հարձակման անցավ և վերացրեց այն նվաճումների մի զգալի մասը, որը ձեռք էր բերվել նախորդ տասնամյակներին:
Ուժեղացվեցին ազգային հալածանքները ոչ ռուս ժողովուրդների նկատմամբ, ինքնակալությունը սկսեց հակակրանքով վերաբերվել հայերի՝ Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու ձգտումներին՝ գտնելով, որ դա վարակիչ կարող է լինել կովկասյան ժողովուրդների համար: Նա արգելեց հայ ֆիդայիներին Անդրկովկասից անցնել Թուրքիա և օգնել իրենց արևմտահայ եղբայրներին:


Չբավարարվելով դրանով՝ ցարիզմը սկսեց ուժեղացնել արևելահայերի հալածանքները: Ամենից առաջ սահմանափակվեցին հայոց կաթողիկոսի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները: Նա գտնում էր, որ կաթողիկոսը հաճախ գործում է Պետերբուրգից անկախ, բացում է ազգային դպրոցներ և կատարում կառավարությանը ոչ համապատասխան այլ գործողություններ: Ռուսական իշխանությունները գաղտնի հսկողություն սահմանեցին Էջմիածնի վրա: Նրանք Էջմիածինը դիտում էին որպես հեղափոխական շարժման կենտրոն, ուր երեխաներին դաստիարակում են ըմբոստության ոգով: Աքսորվեցին մի շարք հոգևորականներ և աշխարհիկ գործիչներ:
Այնուհետև դպրոցներում արգելվեց դասավանդել պատմություն և աշխարհագրություն՝ որպես ազգային զգացումներ առաջացնող առարկաներ: Հայկական դպրոցների վրա սահմանվեց խիստ հսկողություն, իսկ 1885թ. փակվեց Անդրկովկասում գործող շուրջ 300 հայկական դպրոց: Թիֆլիսում դպրոցների փակումը նկարագրելով՝ ականատեսը հաղորդում էր. «Ավելի քան 1000 աղջիկ ու տղա ցրվեցին իրենց տները՝ աղի-աղի արցունք թափելով, և ավելի քան 50 ուսուցիչ և ուսուցչուհի մնացին գլխիկոր ու վշտաբեկ»: Մեկ տարի անց Կովկասի իշխանությունները հարկադրված էին վերաբացել այդ դպրոցները:

Ռուսաստանի դիրքորոշումը

Յուրացնելով «Հայկական հարցին վերջ տալու համար անհրաժեշտ է վերջ տալ հայերին» ոչ պատշաճ կարգախոսը՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ը ձեռնամուխ է լինում հայերի զանգվածային ջարդերին, ինչը նշանակում էր ցեղասպանության քաղաքականության սկզբնավորում:
Արյունահեղությունը տեղի էր ունենում եվրոպական տերությունների ցուցաբերած անտարբերության ընթացքում, սակայն այդ երկրների հասարակայնության ճնշման տակ «հայերի խնամակալ» Մեծ Բրիտանիան մշակում և Բարձր դռանն է ներկայացնում Թուրքիայի հայաբնակ վայրերում բարենորոգումների մի ծրագիր, որն ըստ էության նպատակ ուներ սահմանափակել Ռուսաստանի միակողմանի միջամտությունը հայկական հարցին:
Միևնույն ժամանակ Ռուսաստանն արդեն ընդունել էր Անդրկովկասում ռուսականացման քաղաքականությունը և բացահայտ կերպով դեմ էր այնպիսի տարածքի կազմավորմանը, որտեղ «հայերը կօգտվեին բացառիկ առավելություններից»:

Բացի այդ, ձախողվելով Բուլղարիայի հարցում, որը թեև ազատագրվել էր ռուսական զենքի օգնությամբ, բայց չէր ուզում դառնալ վերջինիս վասալը: Ցարական դիվանագիտության արտաքին գործերի նախարար Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին հայտարարարում է, թե թույլ չի տա մի «նոր Բուլղարիայի» ստեղծումը՝ նկատի ունենալով Հայաստանին: Հայ ժողովուրդն ըմբոստանում է ռուսական ինքնակալության դեմ, և իշխանությունները հարկադրված վերացնում են հակահայկական օրենքը:

Ռուսական կառավարության հակահայկական քաղաքականությունը հայ հասարակական-քաղաքական շրջաններին, հատկապես Դաշնակցություն կուսակցությանը, հարկադրում է հենարան որոնել համաթուրքական հեղափոխական շարժման մեջ, որի նախաձեռնությամբ 1907 թվականին Փարիզում տեղի է ունենում հակասուլթանական բոլոր ընդդիմադիր ուժերի համագումարը: Այն մշակում է Թուրքիայում պետական հեղաշրջում կատարելու ծրագիր: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հայկական հարցը թևակոխում է զարգացման նոր փուլ, երբ արևմտահայությունն իր իղձերի իրականացումը սկսում է կապել թուրքական պետականության բարեփոխման հետ:
Սակայն 1909 թ. երիտթուրքական կառավարության հրահրմամբ տեղի է ունենում Ադանայի և դրա շրջակայքի ավելի քան 30 հազար հայության կոտորածը:

Ադանայի իրադարձություններից հետո հայ քաղաքական շրջանները փոխում են դիրքորոշումը և կրկին կողմնորոշվում դեպի Ռուսաստան, որը հասունացող պատերազմի նախօրեին արդեն շահագրգռված էր հայերի համակրանքը շահելու մեջ:
Մոտ երկու տարի տևած դիվանագիտական քաշքշուկից հետո, որին մասնակցում էին եվրոպական վեց տերությունների՝ Կոստանդնուպոլսի դեսպանությունները, Ռուսաստանին հաջողվում է Թուրքիային պարտադրել բարենորոգումների մի նոր ծրագիր, որով արևմտահայերը պետք է ստանային բավականին լայն ինքնավարություն՝ կառավարչության, դատարանների, լեզվի, զինծառայության և այլ բնագավառներում՝ տերությունների, և, ամենից առաջ, Ռուսաստանի վերահսկողության ներքո: Ծրագիրը, սակայն նույնպես մնում է թղթի վրա՝ սկսված համաշխարհային պատերազմի պատճառով, այն նույնիսկ հող է նախապատրաստում Ռուսաստանի «հայապաշտպան» դիրքորոշումից զայրացած երիտթուրքական կառավարության համար՝ իրագործելու վաղուց ծրագրած հայասպան քաղաքականությունը: Սակայն առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան դառնում է Գերմանիայի դաշնակիցը, ինչը նշանակում էր, որ հայկական հարցում սկսվում է Ռուսաստանի քաղաքականության նոր փուլ:
Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում սկսվեցին 1914 թվականի դեկտեմբերին, թուրքական զորքերի հարձակմամբ դեպի Կարս: Սակայն շուտով ռուսական զորքերը կասեցնում են հարձակումը ու անցնում հակահարձակման և 1914-1916 թթ. ընթացքում մի շարք հաջող գործողություններից հետո, 1917 թվականին դուրս են գալիս Մոսուլի և Սեբաստիայի մերձակայքը, գրավում արևմտյան Հայաստանի մեծ մասը, որտեղ, սակայն, գրեթե հայ չէր մնացել՝ պատերազմի սկսվելուց հետո թուրքական իշխանությունների կողմից կատարված հայոց ցեղասպանության պատճառով:

Արևելահայ հասարակական-քաղաքական շրջանները ռուսական բանակի հաջողությունների հետ կապում էին որոշակի հույսեր՝ արևմտյան Հայաստանի ազատագրումը և ավելին՝ հայկական պետականության վերաստեղծումը: Սակայն ցարական կառավարությունը նման մտադրություն չուներ: Գրավելով արևմտյան Հայաստանի տարածքի մի մասը՝ ռուսական հրամանատարությունը անհրաժեշտ էր համարում հաստատել միասնական ռազմավարչական իշխանություն: Պատերազմի աոաջին շրջանում ստեղծվում են մի քանի ռազմավարչական միավորներ՝ օկրուգներ, որոնց պետերը ենթարկվում էին տվյալ օկրուգի տարածքում տեղակայված Կովկասյան բանակի զորամասերի հրամանատարներին:

1916 թվականի սկզբին կառավարությունը կազմավորում է հատուկ հանձնաժողով, որը պետք է մշակեր կանոնադրություն՝ պատերազմի ընթացքում Թուրքիայից գրաված տարածքներում կառավարելու համար: 1916 թվականի հունիսի 5-ին ցարը հաստատում է այդ կանոնադրությունը, համաձայն որի կազմավորվում էր պատերազմի իրավունքով գրաված Թուրքիայի մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն
Ցարական կառավարության իսկական մտադրությունները արևմտյան Հայաստանի վերաբերյալ ի հայտ են գալիս գրաված տարածքները գաղութացնելու ծրագրերում: Իշխանությունները չէին ձգտում պայմաններ ստեղծել, որպեսզի արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդը՝ հայերը, վերադառնան իրենց տները, ընդհակառակը՝ ծրագրվում էր արևմտյան Հայաստանը բնակեցնել ռուս վերաբնակիչներով:
Այս նախաձեռնության հեղինակը երկրագործության նախարար Կրիվոշեինն էր, բայց Կովկասյան բանակի հրամանատար Նիկոլայ Յուդենիչը նույնպես անհրաժեշտ էր համարում Ռուսաստանի հետ սահմանային բնակավայրերը՝ Ալաշկերտը, Դիադինը և Բայազետը բնակեցնել Կուբանից ու Դոնից բերված կազակներով և ստեղծել, այսպես կոչված, «նորեփրատյան կազակություն», որպես ռուսական ցարիզմի հուսալի պատվար(պատնեշ): Այդ իսկ պատճառով ցարական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին Կովկասից հայ գաղթականների վերադարձին իրենց նախկին բնակության վայրերը:

Սակայն մինչ աշխատանք էր տարվում Ռուսաստանի խորքերից մարդկանց հանել և բերել արևմտյան Հայաստան, այստեղ արդեն սկսվել էին վերակառուցման աշխատանքները: Անհրաժեշտ էր հողը մշակել, ուստի իշխանությունները հարկադրված թույլ են տալիս հայ գաղթականներին վերադառնալ իրենց բնակավայրերը։ Սակայն հայերը չէին կարող ստանալ իրենց նախկին հողերը, քանի որ դրանք հայտարարվել էին ռուսական պետության սեփականություն: Հայերն իրավունք էին ստանում միայն ծանր կապալով օգտվել իրենց հողերից:


Հայաստանի վարչաքաղաքական վիճակը 19-20-րդ դարերում.

19-րդ դարի առաջին երեք տասնամյակներում զբաղված լինելով Իրանի ու Թուրքիայի դեմ մղվող պատերազմներով, ցարական կառավարությունը հնարավորություն չուներ լուրջ փոփոխություններ մտցնելու Անդրկովկասի ներքին կյանքում: Նրա ամբողջ ուշադրությունը բևեռված էր արտաքին ֆրոնտի(ճակատի), թշնամու դեմ հաղթանակ տանելու գործի վրա:

Անդրկովկասի վարչական ռեֆորմների կապակցությամբ կառավարական շրջաններում ի հայտ եկան տարբեր ծրագրեր ու տարբեր մոտեցումներ: Օրինակ, Պասկևիչն առաջարկում էր ամբողջ Անդրկովկասում միանգամից ռուսական վարչաձև և օրենքներ մտցնել: Սենատորներ Մեչնիկովը, Կուտայիսովը և Գանը պաշտպանում էին Պասկևիչի առաջարկը: Դրան հակառակ, բարոն Ռոզենը, գտնում էր, որ քաղաքական տեսակետից ճիշտ չէր լինի միանգամից վերացնել դարերով արմատացած կարգերն ու սովորույթները: Դա պետք էր անել աստիճանաբար, աննկատելի կերպով: Կառավարական շրջաններում կային մարդիկ, որոնք պաշտպանում էին Ռոզենի առաջարկը: Այդ պատճառով էլ հարցի լուծումը ձգձգվում է և ուղարկվում նոր ուսումնասիրության, նոր քննության: Եվ մինչև այդ հարցը Անդրկովկասի մասշտաբով կլուծվեր, հայկական մարզի վարչական կյանքում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ:

Հայկական մարզի վարչական կառուցվածքի մեջ նկատելի փոփոխություններ են մտցվում    1833 թ. հունիսի 23-ի օրենքով: Այդ օրենքի համաձայն` վերացվում է մարզային վարչության կոլեգիալ ձևը, և ավելի լայն իրավունքներ են տրվում վարչության պետին: Ոստիկանական, դատական և ֆինանսական-տնտեսական գործը գլխավորող նախկին խորհրդականների փոխարեն հիմնվում են հատուկ բաժիններ: Կազմվում է հարկերի ու տուրքերի գանձման առանձին վարչություն։ Հարկերն ու տուրքերը լրիվ գանձելու, պետական եկամտի նոր աղբյուրներ հայտնաբերելու գործը հանձնարարվում է առանձին կոմիսարի:
Երևանի գավառը բաժանվում է չորս օկրուգի` Երևանի, Շարուրի, Սարդարաբադի և Սուրմալուի: Օկրուգների պետեր են նշանակվում ռուս չինովնիկներ։ Նախիջևանը և Օրգուբադը մնում են նախկին նայիբների ձեռքում: Երևանում և Նախիջևանում ռուս չինովնիկների գլխավորությամբ շարունակում են գործել գավառական դատարանները: Տեղական բնակիչներին իրավունք է վերապահվում դիմելու նաև միջնորդ դատարանին և շարիաթին:

Հայկական մարզի վարչական ռեֆորմների հետ միաժամանակ ցարական կառավարությունը ձեռնամուխ է լինում վերակազմելու նաև հայ եկեղեցական վարչությունը:
Սկսելով հայկական մարզի վարչական ապարատի կազմակերպման ու ամրապնդման գործը, ցարական կառավարությունը չէր կարող թույլ տալ, որ հայ հոգևորականությունը խառնվեր պետական իշխանության ֆունկցիաներին և չսահմանագծեր նրա իրավունքներն ու պարտականությունները: Այդ նպատակով դեռևս 1830 թվականին Թիֆլիսում, իսկ այնուհետև Պետերբուրգում հիմնված գաղտնի կոմիտեների կատարած ուսումնասիրությունների հիման վրա, մշակվում և 1836 թ. մարտի 11-ին ընդունվում է մի Կանոնադրություն (ռուսերեն Պոլոժենիե), որտեղ սահմանվում են հայ եկեղեցական վարչության իրավունքներն ու պարտականությունները:

1836 թ. Կանոնադրությունը արգելում էր հայ հոգևորականությանը խառնվելու պետական իշխանության ֆունկցիաներին, ու դրանով սահմանափակում էր նրա քաղաքական իրավունքները: Կառավարության հսկողության տակ պահպանվում էին էջմիածնի կաթողիկոսի իրավունքները Ռուսաստանի սահմաններում և այդ սահմաններից դուրս գտնվող ամբողջ հայության նկատմամբ: Օրինականացվում և ամրապնդվում էին էջմիածնի և մյուս վանքերի հողատիրական ու կալվածատիրական իրավունքները: Հայկական դպրոցների և կուլտուր-լուսավորական այլ հաստատությունների, ինչպես և ամուսնական, ծննդյան ու թաղման գործերի տնօրինությունը հանձնվում էր հոգևոր իշխանություններին։

Մշակույթ – դպրոց, եկեղեցի.

Պատմական պայմանների փոփոխությունը պահանջ առաջադրեց ստեղծել նոր, ժամանակի ոգուն համապատասխանող դպրոցներ: Կրթական համակարգում աստիճանաբար թուլացավ եկեղեցու ազդեցությունը, մտցվեցին ուսուցման առաջադիմական մեթոդներ, աշխարհականացվեցին դասավանդվող առարկաները:
Ռուսաստանում բարձր դիրքի հասած նշանավոր արդյունաբերողներ և կալվածատերեր Լազարյանների տրամադրած միջոցներով 1815 թ. Մոսկվայում բացում են Լազարյան ճեմարանը: Այն կոչված էր դաստիարակելու հայ մտավորականության մի նոր սերունդ, ինչպես նաև պատրաստել արևելյան լեզուների հմուտ մասնագետներ: Լազարյան ճեմարանը ընդունում էր հայ պատանիներին ինչպես Կովկասից ու Արևմտյան Հայաստանից, այնպես էլ հեռավոր երկրներից, անգամ` Հնդկաստանից: Որբ ու աղքատ երեխաների ուսուցման համար Լազարյանները և ճեմարանի հոգաբարձուները հրատարակում էին հայ իրականության մեջ առաջին անգամ ստեղծված դասագրքեր, թարգմանական ու ինքնուրույն աշխատություններ: Շրջանավարտները արդյունավետ գործունեություն էին ծավալում հայկական դպրոցներում, թերթերի ու ամսագրերի խմբագրություններում:  Լազարյան ճեմարանը միաժամանակ նաև արևելագիտական խոշոր կենտրոն էր, ուր իրենց կրթությունն են ստացել բազմաթիվ ռուս նշանավոր արևելագետներ:

Այնուամենայնիվ, անհրաժեշտություն էր զգացվում հիմնել այնպիսի կրթական օջախ, որը մոտ կգտնվեր Հայաստանին, ավելի սերտ կապված կլիներ հայ իրականությանը: Այդ դերը ստանձնեց 1824 թ. Թիֆլիսում բացված Ներսիսյան դպրոցը, որը կրթական կարևոր կենտրոններից էր Այսրկովկասում: Լազարյան ճեմարանն ու Ներսիսյան դպրոցը այն կենտրոններն էին, որտեղ մշակվում էին հայ աշխարհիկ գրական լեզուն, թեև երկու ուսումնական օջախներում էլ սկզբնական շրջանում դասավանդման հիմնական լեզուն գրաբարն էր: Դպրոցի շրջանավարտները, այդ թվում Խաչատուր Աբովյանը և Ստեփանոս Նազարյանը, հետագայում իրենց կրթությունը շարունակում էին ռուսական ու եվրոպական համալսարաններում:

1836 թ. Ռուսական կառավարության հաստատած կանոնադրության համաձայն, հայոց եկեղեցուն իրավունք տրվեց արևելյան թեմերում բացել թեմական դպրոցներ, որոնք պետք է ունենային միջնակարգ դպրոցի մակարդակ: 1837 թ. Հիմնադրվեց Երևանի, հաջորդ տարում` Շուշիի և Աստրախանի թեմական դպրոցները: Նախատեսված էր, որ այդ դպրոցները պետք է հոգևորականներ պատրաստեն, ուստի սովորելու համար սկզբում ընդունում էին միայն հոգևորականների երեխաներին, իսկ հետագայում այդ սահմանափակումը վերացվեց: Սկզբնական շրջանում առարկաների մի մասը դասավանդվում էր ռուսերեն, և այդ դպրոցների կյանքում տիրապետող էր եկեղեցական ոգին: Թեմական դպրոցների դերն ու հասարակական կշիռը աճեց 1870-1880-ական թվականներին, երբ ավելացվեց դասավանդվող առարկաների թիվը, իսկ ուսուցումը գերազանցապես տարվում էր հայերեն:
Արցախի հայության համար նույն նշանակությունն ունեցավ Շուշիի թեմական դպրոցը:

19-րդ դարի 70-ական թթ. իգական դպրոցներ բացվեցին Թիֆլիսում, Շուշիում, Ախալցխայում, իսկ ավելի վաղ Պ.Պրոշյանի ջանքերով հիմնվեց Երևանի Գայանյան դպրոցը: Իր սաներին բազմակողմանի կրթություն տվեց  1874 թ. Էջմիածնի հիմնված Գևորգյան ճեմարանը:

19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբին ցարական իշխանությունները հալածանքներ ծավալեցին հայկական դպրոցների նկատմամբ: 1880 և 1890-ական թթ. կեսերն ցարիզմը կոպիտ կերպով միջամտեց հայ դպրոցական կյանքին, ժամանակավորապես փակեց հայկական եկեղեցու տնօրինությանը հանձնված դպրոցների մեծ մասը: Միայն հայության բուռն ելույթները ստիպեցին Նիկոլայ II-ին 1905 թ. Օգոստոսի 1-ին հայոց եկեղեցուն վերադարձնել նրանցից խլված ունեցվածքը և կրթական գործով զբաղվելու հնարավորությունը, որոնցից նա զրկվել էր 1903 թ. Հունիսի 12-ի օրենքով:
1889 թ. Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Արմաշի վանքում բացվեց Արմաշի դպրեվանքը, որը բարձրագույն հոգևոր ուսումնական հաստատություն էր և արևմտահայերի համար ունեցավ նույն նշանակությունը, ինչ Գևորգյան ճեմարանը արևելահայերի կյանքում: Արևմտյան Հայաստանի առավել հայտնի կրթական օջախներն էին 1881 թ. Կարինում բացված Սանասարյան վարժարանը և Վանում գործող դպրոցները` Կեդրոնական, Երկրագործական, Երամյան վարժարանները:




Օգտված գրականություն` «Հայ ժողովրդի պատմություն» VI հատոր
                                        «Հայոց պատմություն.Հիմնարցեր» Ռ. Սիմոնյան

No comments:

Post a Comment

Translate