Wednesday, March 18, 2015

Ավանդական տնտեսություն

Ավանդական տնտեսություն, տնտեսական համակարգ, որտեղ ավանդույթներն ու սովորույթները բացահայտում են սահմանափակ ռեսուրսների օգտագործումը։ Այն համարվում է ամենահինը։ Ավանդական տնտեսությունում հողը և կապիտալը գտնվում են ընդհանուր սեփականության ներքո, իսկ հասարակության տնտեսական հիմնական խնդիրները լուծվում են մարդկանց միջև տոհմական կամ կիսաֆեոդալական կապերի միջոցով։

Ավանդական տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային մակարդակի վրա։ Դրանց հիմքի վրա են ձևավորվում համապատասխան ինստիտուտները։ Տարբեր են այս կամ այն երկրի ստեղծած տնտեսական համակարգի բնույթը։


Աֆրիկա մայրցամաքում ապրող ցեղախմբերի համատեղ կյանքը կարգավորվում է քարացած ավանդույթների, տոտեմիստական մտածելակերպի և հոգեբանության, անձնապաշտության միջոցով, որոնք ձևավորում են նրանց զարգացման մակարդակին համապատասխան ինստիտուտներ։ Դրանց գործունեությունն ազդում է արդյունքի արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման գործընթացի կազմակերպման բնույթի վրա։ Դարերով ձևավորված ավանդույթները իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության կարգավորման արդյունավետության, այսինքն` ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մակարդակի վրա։
Ավանդական տնտեսության առանձնահատկություններն են
·   Պարզ տեխնոլոգիաներ
·   Գերակշռում են ձեռքի աշխատանքները
·   Տնտեսական հարաբերությունների մասնակիցները համախմբված են ամուր սոցիալական կապով
·   Հիմնական տնտեսական խնդիրները լուծվում են ավանդույթներին և սովորույթներին համապատասխան
Ավանդույթները, սովորույթները, կրոնական համոզմունքները, մշակութային արժեհամակարգը ժամանակի ընթացքում ենթարկվում են համապատասխան փոփոխությունների, բայց չեն վերանում։ Այն երկրները, որոնք կարողացել են հաղթահարել ավանդական տնտեսության սահմանափակումները (օրինակ` Եվրոպա մայրցամաքի երկրները, ԱՄՆԿանադան, Ճապոնիան և այլն), ապահովում են բարձր տնտեսական աճ։ 
Ավանդական տնտեսությունը հատկապես բնորոշ է բնատնտեսությանը։ Բնատնտեսության հիմնական բնութագիրն այն է, որ արտադրողները (ընտանիքի կամ համայնքի ներկայացուցիչները) իրենց կարիքների բավարարման համար անհրաժեշտ բոլոր բարիքներն իրենք են արտադրում, և գրեթե գոյություն չունի դրանց փոխանակություն։ Արտադրողն ու սպառողը տարանջատված չեն և մարմնավորված են միևնույն տնտեսական սուբյեկտի մեջ։ Բնատնտեսությունը բնորոշ է եղել հասարակության զարգացման նախնական փուլին և տնտեսապես հետամնաց ու թույլ զարգացած երկրներին։

Աղբյուր
1

No comments:

Post a Comment

Translate