Ադրիանո
Չելենտանոն
ծնվել է հունվար 6-ին 1938թ., Միլանում, իտալացի երգիչ է, երգահան, կինոդերասան,
կատակերգ, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։ Բեմում քայլելու
ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato»
(հայերեն՝ Զսպանակների
վրա)։
Չելենտանոն
իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ դեմքերից է։ Իր ողջ կարիերայի
ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել
է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը»(1980), «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը:
Այս ֆիլմերից գուցե շատերն եմ դիտել, բայց շատ վաղ հասակում, և միայն հիշում եմ «Անսանձի
սանձահարումը» ֆիլմը:
Չելենտանոն երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա
ձեռքեր» (1980) ֆիլմերում
տղամարդու լավագույն դերակատարման համար։
1989 թ. Չելենտանոյին
շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայերեն՝ Ոսկե ամբրոսիս)։ 2007 թ. գլխավորել
է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը։
Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին։
Նրա
կինը հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին է։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում։
Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։
Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների
իրավունքների պաշտպան։
Ադրիանո Չելենտանոն ծնվել է 1938 թ. հունվարի
6-ին՝ Բեֆանայի օրը
(կատակի տոն) Միլանում՝ Վիա Գլյուկ, 14 հասցեում։ Ընտանիքը, որի հինգերորդ զավակն էր Ադրիանոն,
Ապոիլիայից հյուսիս էր տեղափոխվել աշխատանք գտնելու հույսով։ Ադրիանոն մանկությունն
անցկացնում է Միլանում։ 12 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և քանի որ նրա ընտանիքն
աղքատ էր, սկսում է աշխատել որպես ժամագործի աշակերտ, իսկ երեկօյան ժամերին կիթառ նվագում՝ նմանակելով Էլվիս Փրեսլիին: Պատանեկան տարիքում Ադրիանոն հաճախ էր նմանակում ամերիկացի կատակերգու Ջերի Լուիսին, և Չելենտանոյի քույրը նմանակողների մրցութին է ուղարկում եղբոր մի լուսանկարը, որում նա Ջերի Լուիսի կերպարով էր։ Արդյունքում Ադրիանոն զբաղեցնում է առաջին տեղը և շահում 100000 լիր։ Այդ ժամանակ էլ Ադրիանոն սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ և մասնավորապես ռոք-ն-ռոլով, և նա շատ այլ իտալացիների նման լսել էր 1955 թ.՝ «Դպրոցական ջունգլիներ» ֆիլմի ցուցադրության ժամանակ. այդ ֆիլմում հնչում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգը։
Այդ օրինակից ոգևորված՝ Չելենտանոն անդամակցում է Rock
Boys խմբին, որի կազմի մեջ մտնում էին Ջորջո Գաբերը, Լուիջի Տենկոն ու Յանաչի Էնցոն: 1954 թ. Չելենտանոն սկսում է երգեր գրել
ու կատարել սեփական ստեղծագործությունները, իսկ մեկ տարի անց սկսում է համագործակցել
ընկերոջ՝ Միկի Դել Պրետեի (իտալ.՝ Miki Del Prete) հետ, ով հետագայում բազմաթիվ
երգեր գրեց Ադրիանոյի համար և երկար ժամանակ նրա պրոդյուսերն էր:
Նրա առաջին պաշտոնական ելույթը տեղի է ունեցել 1957 թ. մայիսի 18-ին Միլանի Ձմեռային պալատում. Rock Boys խմբի հետ միասին նա մասնակցում է «Ռոք-ն-ռոլի իտալական առաջին փառատոնին»։ Մրցույթին մասնակցում էին իտալական բազմաթիվ խմբեր, որոնք գրեթե բոլորը ժյուրիի դատին են ներկայացնում ամերիկացի հայտնի երաժիշտների երգեր։ Սակայն Rock Boys խումբը ռիսկի է դիմում՝ հանդես են գալիս «Ciaoti dirò» (հայերեն՝ Ես կասեմ քեզ «չաո») սեփական երգով, և հաղթում:
Չելենտանոն իր ողջ կարիերայի ընթացքում բազմաթիվ խմբերում
է երգել ու մեծ համբավի արժանացել: 1970-ական թթ. սկզբներին Չելենտանոն հորինում ու
ձայնագրում է «Prisencolinensinainciusol» կոմպոզիցիան, որի տեքստը կազմված էր հորինված
անհասկանալի բառերից, որոնք ոչինչ չեն նշանակում։ Այն խորհրդանշում է մարդկանց անջատվածությունը, միմյանց չհասկանալը։ Երգը երկար ժամանակ մնաց հիթ-շքերթների վերին հորիզոնականներում, ինչպես նաև ընդգրկվեց ամերիկյան հիթ-շքերթներում։ Կոմպոզիցիան կատարվել է ռեչիտատիվով, ինչը կարելի
է համարել ռեպ կատարումների առաջին փորձերից մեկը: 2009 թ. վերջերին այս կոմպոզիցիան դարձավ ինտերնետ-մեմ:
Ադրիանո Չելենտանոն իր ապագա կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ ծանոթացել է «Ինչ-որ տարօրինակ
տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 1964 թ. հուլիսի
14-ին նրանք գաղտնի ամուսնացել
են Գրոսետո քաղաքի Սբ. Ֆրանցիսկի եկեղեցում։
Սակայն 80-ականներին զույգը բաժանման եզրին: Բոլոր լրատվություններում ու թերթերում
գրում էին, որ Մոլոջիատոն նորից ազատ է լինելու: Որոշ ժամանակով զույգը տարբեր տներ
տեղափոխվեց: Բայց շուտով ամեն ինչ անցավ:
Կլաուդիան զբաղեցնում է Clan Celentano ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա
ամեն ինչ է իր ամուսնու համար. և՛ իմպրեսարիա, և՛ փաստաբան, և՛ պրոդյուսեր, և՛ անձնական
խոհարար, և՛ քարտուղարուհի:
«Եվ դեռ այսօր մենք սիրում ենք իրար»,- ասում է զույգը:
Կլաուդիա Մորին 65-րդ Միջազգային կինոփառատոնին ասել է .
«Ընտանիքին և սիրելի ամուսնուն նվիրված կյանքն այն է, ինչի մասին երազում է ցանկացած իտալուհի, որքան էլ ազատագրված լինի մեր հասարակությունը: Ես չեմ կարող ճանակատագրիցս բողոքել: Նա հոգատար է իմ նկատմամբ»:
Կլաուդիան և Ադրիանոն չեն սիրում աղմկոտ հավաքույթներ: Ինչպես
արդեն նշեցի, նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ռոզալինդան ու Ջակոմոն։
Ջակոմոն երգիչ է, Ռոզալինդան՝ կինոդերասանուհի։ 2004 թ. նոյեմբերին ծնվել է Ջակոմո
Չելենտանոյի որդին՝ Սամուելեն, ով ներկայումս Ադրիանոյի ու Կլաուդիայի միակ թոռն
է։
Չելենտանոն հետաքրքրվում է ֆուտբոլով ու երկրպագում է Ինտեր ակումբին: 2008 թ. նա ելույթ ունեցավ այդ խմբի 100-ամյակին նվիրված համերգում:
Չելենտանոյի հոբբին ներկայումս շարունակում է մնալ ժամացույցների վերանորոգումը։ Երգիչն զբաղվում է նաև թենիսով, բիլիարդով, լուսանկարչությամբ, խաղում է շախմատ և սիրում է պատրաստել:
Չելենտանոյի մտքերից
«Կյանքը ամենալավ երգն է:»
«Կյանքում ինչ էլ որ անեք, միշտ կգտնվի մեկը, որը դա արել է ձեզանից առաջ - ամբողջ խնդիրը նրանում է, որ դուք դա անեք ավելի լավ:»
«Ընտանիքը կա՛մ սաբոտաժ է, կա՛մ աջակցություն. երկրորդ դեպքում ձեր բախտը բերել է:»
«Ամենակատաղած կենդանին մարդն է: Նա սպանում է նույնսիկ այն դեպքում, երբ քաղցած չէ:»
«Իմ օրիգինալության գաղտնիքը նրանում է, որ ես շատ եմ կրկնօրինակում:»
«Պետք չէ ձգտել ամեն ինչ հասկանալ, այսպես ավելի հետաքրքիր է:»
~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Իմ ամենասիրելի երգերը` 1. Confessa
2. Il Tempo Se Ne Va 3. La situazione non èbuona
4. Susanna
No comments:
Post a Comment