Սեբաստացիներին ձգում են տարօրինակ և հոգեհարազատ վայրերը: Երեք օրվա ընթացքում հասցրեցինք
լինել Սյունիքի ամենայուրօրինակ տեղերում:
Շրջեցինք Սյունիքի մարզի մի ծայրից մյուսը: Այցելեցինք պատմական նշանակության Անգեղակոթ գյուղ, որտեղ ունեցանք դաս-պատում, այնուհետև եղանք Հալիձորի բերդում, դե իհարկե` Տաթևի վանքն էլ անհյուրընկալ չգտնվեց մեր հանդեպ: Սակայն
ամենաթանկարժեքն ու հիշարժանն ինձ համար այն գաղափարն էր, որ մենք ամբողջ երեք օր ու
երկու գիշեր 17 հոգով՝ միասնական խմբով ու եռանդուն ոգով ճանապարհորդում ու զվարճանում էինք: Քանի որ ճանապարհորդում
էինք գիտակների ակումբի հետ, այն լի էր քննարկումներով,
բանավեճերով, հետաքրքիր խաղերով, արտահայտություններով և կատակներով: Դառնալով այդ
ակումբի մի մաս, ես նույնպես սիրով մասնակցում էի այդ ամենին:
Ինձ ամենից առավել դուր եկավ այն փոքրիկ հյուրընկալ տունը, որին մենք հանդիպեցինք ետվերադարձին: Առաջին հայացքից մենք կարծում էինք, որ դա պարզապես խանութ է կամ փոքրիկ սրճարան, սակայն բացահայտվեց, որ այն մի շատ հյուրընկալ մարդու տուն է: Այնտեղ մեզ հյուրասիրեցին տաք լավաշ, ժինգյալով հաց, և թեյ: Ամբողջ տունը պատված էր սովետական իրերով:
Այս երեք օրը մենք ապրեցինք իրար հետ, իրարով, իրար շնորհիվ: Մի խոսքով ճանապարհորդությունը հիանալի էր:
No comments:
Post a Comment