Տրամաբանության
և բանականության ջատագովությամբ հանդես եկավ Պիեր Աբելյարը, որը, ի տարբերություն Քենթերբերացու,
առաջնորդվում էր «Հասկանում եմ, որպեսզի հավատամ» սկզբունքով։ Իհարկե, դա չի նշանակում,
թե Աբելյարը բանականությունը վեր է դասում հավատից, ընդհակառակը, որպես սխոլաստիկական
մեթոդի ստեղծման «հայրերից» մեկը, նա ձգտում է հասկանալի դարձնել այն, ինչին հավատում
է: Միևնույն ժամանակ նա ավելի մեծ տեղ է տալիս տրամաբանությանը և բանական ապացույցներին:
Այս առումով հատկանշական էր նրա «Այո և Ոչ» (Sic et non) աշխատությունը, որում ի մի
են բերված իրար հակասող կրոնական և աստվածաբանական պնդումները: Աբելյարը խուսափում
է այդ հակասությունների վերաբերյալ սեփական կարծիք հայտնելուց, սակայն այդպիսի նյութի
հավաքումն արդեն իսկ ենթադրում է բանականության միջամտության անհրաժեշտության մասին: