Sunday, September 21, 2014

Քայլ առ քայլ դեպի վերև

   Շաբաթ օր էր, ու բոլորը գնում էին ճամփորդության: Ես ընկերներիս հետ ուղևորվեցի Դիլիջան: Սկզբում շրջապատիս մարդիկ անծանոթ էին, և ոչ մեկս չէինք պատկերացնի, որ մեկ օրում այսքան կմտերմանանք ու կընտելանանք իրար: Դեպի Դիլիջան ճանապարհը այնքան էլ կարճ չէր, բայց ինձ համար ժամանակը պարզապես թռավ: Մենք ամբողջ ընթացքում խոսում, քննարկում, ու բացահայտում էինք մեզ, փորձում ավելի լավ ճանաչել իրար ու անմիջական լինել: Երբ արդեն Դիլիջանում էինք, բոլորս զմայլվում էինք բնությամբ ու մաքուր օդով: Դա մեծ բավականություն էր մեզնից յուրաքանչյուրի համար: Եկել էր ժամանակը, որ նվաճենք բարձրունքները:
Հենց սկզբում մենք հանդիպեցինք արտասահմանցիների և դեռ չգիտեինք, թե ինչ ազգի են: Նրանք միանգամից նկատեցին մեզ ու իրենք իրենց գերմաներեն հարցրին. «Արդյոք տեղացիներ են» : Մենք հասկացանք, որ եկել են Գերմանիայից և հաստատ դեմ չեն լինի մեզ հետ հաղթահարելու այդ բարձրունքները: Սկսեցինք անգլերեն խոսել ու ծանոթանալ նրանց հետ և
առաջարկեցինք միանալ մեզ: Նրանք համաձայնեցին: Երկուսն էլ տարեց կին էին: Բոլորս նրանց հետ շփվում ու հաղորդակցվում էինք տարբեր լեզուներով ու երկու կանայք էլ ապշած էին մնացել մեր գիտելիքների վրա:
   Նվաճում էինք Մաթոսավանքի բարձունքը: Ընթացքը մեզ համար զվարճալի էր, բայց և դժվար: Վերջապես հասանք Մաթոսավանք: Այն շատ առեղծվածային վայրեր ուներ: Մենք ամբողջը ուսումնասիրեցինք և նկարվեցինք: Եկել էր ժամանակը, որ լքենք եկեղեցին, քանի որ, դեռ շատ տեղեր ունեինք այցելելու: Հաջորդ բարձրունքը, որ նվաճեցինք, դեպի Ջուխտակ վանքն էր, որը կառուցվել էր 12-13-րդ դարերում: Եկեղեցում երգեցինք ու աղոթեցինք և շարժվեցինք առաջ: Հաջորդ եղեկեցիները, ուր պատրաստվում էինք ուղևորվել, Գոշավանքն էր, այնուհետև Հաղարծինը: Մի փոքր ժամանակ նաև տրամադրեցինք այդ տեղանքները ուսունասիրելուն ու եկավ ժամանակը գնալու Պարզ լիճ, որն ամենից շատն էինք ուզում այցելել ու լաստանավի վրա զբոսնել ամբողջ լճի երկայնքով:


Մենք հասցրինք մեր ամբողջ ծրագիրը, վերջում զբոսնեցինք լաստով և վայելեցինք Դիլիջանում մեր վերջին րոպեները:
Այսքան պատմեցի, բայց մի բան էլ կավելացնեմ՝ ամեն ինչ հիասքանչ էր: Թե հատկապես ինչն էր այդքան սքանչելի, չեմ կարող պատմել։




No comments:

Post a Comment

Translate