Wednesday, May 11, 2016

ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ եմ
















Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Սոնա Սահակյանն եմ։

Արդեն երկու տարի է, ինչ սովորում եմ այստեղ, ինձ հարազատ միջավայրում։
Ամենասկզբում գիտեի, թե «համակարգիչներով դպրոց» է։ Սկզբում չէի հասկանում, թե ինչպես կարելի է ողջ տարին միայն համակարգիչներով դաս անել, հատկապես ինձ հուզում էր մաթեմատիկան, թվերը, որոնք անհրաժեշտ էր մուտքագրել։


Ամառ էր, որոշեցի մի փոքր կտրվել իմ հաճելի հանգստից ու մտածել, թե որտեղ եմ պատրաստվում սովորել եկող ուսումնական տարվանից։ Հայրիկիս առաջարկով եկանք դպրոց, ուսումնասիրությունների։ Տնօրինությունը շատ ջերմ ու անմիջական ընդունեց մեզ, ինչը ես առաջ երբեք չէի տեսնի այլ վայրերում։ Դպրոցով մի փոքր զբոսանքից հետո ես մակերեսորեն ծանոթացա այն ամենին, ինչ կատարվում է ու կկատարվի, եթե լինեմ այդ ամենի մեջ։ Եվ ես որոշեցի լինել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր սովորող։ Իմ գործունեությունը արագ սկսեց շրջանառության մեջ մտնել՝ իմ բլոգում։ Ես նոր էի ու ոգևորված ցանակացածով, ինչ ինձ շրջապատում էր՝ սկսած մարդկանցով, վերջացրած երաժշտական այն գործիքներով, որոնց մասին ես երազում էի։ Ավելի ճիշտ երազում էի տիրապետել, կարողանալ նվագել։ Լավ հիշեցի՝ ես հիմա նվագում եմ կիթառ։ Ճիշտ է, դպրոցում չեմ սովորել, բայց դպրոցի ազատ ու լայն հնարավորություններն են իմ մեծ իղձը հասցրել այն աստիճանի, որ ես տանը դրածս կիթառին կենդանացրի ու շունչ տվի։ Ես միշտ էլ ուզում էի կարողանալ նվագել։ Բայց ես միայն մտածում էի կարողանալու մասին, ոչ թե սովորելու ամենաչնչինից։ Իսկ ես այստեղ սովորեցի փորձել, փորձել ամեն ինչ, առաջնորդվելով այսպես․ «Փորձից փորձանք չկա»։ Հետո ընդունվեցի երգչախումբ։ Թե ինչպես ընդունվեցի ու ինչպես համարձակությունս ներեց, դա երկար պատմություն է, կարևորը որ ընդունվեցի ու այնտեղ անցկացրածս օրերը հաստատ չեմ մոռանա, թեկուզ, որ դրանք վերջացան։ Երգչախումբը ինձ տվեց ուժ ու խիզախություն բարձրանալու բեմ, իհարկե ոչ որպես մենակատար։ Հիմա ես արդեն և՛ նվագում եմ, և՛ երգում, բայց երգում եմ իմ իսկ հաճույքի համար, ինձ համար։ Մինչև հասա այս մակարդակին, մի տարի անցավ, էլ չասեմ, թե այդ մի տարին ինձ ինչքան մեծ փորձ տվեց, բայց ո՛չ թե երաժտության, ո՛չ թե կրթության, այլ կյանքի։ Մի տարին այնպես արագ գլորվեց, որ չնկատեցի էլ ինչպես։ Ես շարունակում եմ ու շարունակում սովորել այստեղ, լինել սովորող, լինել ստեղծագործող, մտածող։

Կան բաներ,որոնք մոռացության մատնեցի, բայց օրերի մեջ մուսան գալիս է կամ մեկն արթնացնում է ու ես հիշողությունս թարմացնում եմ։ Նկարում եմ, ինչքան էլ, որ դա ինձ մոտ այնքան լավ չի ստացվում, ինչքան, որ փոքր տարիքում։ Նկարելու պես մի մուսա կամ հոբբի էլ ունեմ սպորտի հանդեպ։ Շատ եմ սիրում գնդակ, երբ միամիտ ձեռքումս է հայտնվում ես ինձ իմ մեջ եմ զգում։ Ես սիրում եմ ցանկացած սպորտաձև, որը կիրառում է գնդակը։ Հատկապես վոլեյբոլը, և մեր մանկության գործնագործը։

Երբ հասկացա, որ ժամանակն է որոշելու և կողմնորոշվելու մասնագիտությանս հարցում, ապագայի մասնագիտական պլաններ ու նպատակներ գծելու, սկսեցի մտատանջումների մեջ ընկնել։ Չգիտեմ, երևի յուրաքանչյուրի մոտ էլ այդպես է եղել։ Երկար ժամանակ ինձ տանջելուց հետո որոշեցի դառնալ բժիշկ։ Բայց,ոնց որ թե լավ չորոշեցի։ Հիմա կասեմ ինչու։ Սկսեցի հետաքրքրվել քիմիա և կենսաբանություն առարկաներով։ Ընտրեցի խորացված ու ինձ պատկերացնելով բժշկի խալաթի մեջ, սկսեցի ինքնամոռաց ձգտել նպատակիս։ Հետո ինչ-որ կասկածներով ես ինձ հետ պահեցի այդ որոշումից, և դա ինքնըստինքյան ստացվեց։ Ես սկսեցի հետաքրքրվել հոգեբանությամբ, այսինքն դրանով միշտ էլ հետաքրքրվել եմ, որովհետև դրանում ես եմ, նա է, դուք եք։ Հոգեբանության համար ինձ ինչ-որ նյութեր ու հոդվածներ գրել, հրապարակել պետք չէ, համենային դեպս դեռ պետք չէ։ Ես միշտ փորձել եմ մարդկանց բացահայտել ու չգիտեմ, երևի այդ պահին կողքից այլմոլորակայինի տպավորություն եմ թողնում, որը ընկերներիս համար կարող է զվարճալի լինել, իսկ ինձ համար հետաքրքիր ու կյանքի իմաստի պատասխանին հասնելու մի միջոց։

Մասնակցել եմ Դիջիթեքին, Էկոտուրին, որին շատ երկար պատրաստվելուց հետո գոնե մի փոքր արդյունքի հասանք։ Այս բոլոր նախագծերից զատ ուզում եմ առանձնացնել իմ ճամփորդությունները, որոնք իրականում այնքան շատ չեն եղել ինչքան թվում են, համենային դեպս մատներիս վրա կարող եմ հաշվել։ Բայց թվում են շատ, որովհետև ամեն մի ճամփորդություն իր էությամբ մի հավերժություն էր ամփոփում իր մեջ։ Ինձ համար, երբեմն դժվար է լինում խոսել ճամփորդություններից, ու թե ինչ են ինձ տվել դրանք։ Ճամփորդություններն ու ևս մեկ բան, որոնց համար բառեր չեմ կարող գտնել, բնութագրելու համար։ Կարծես լեզվիս ծայրին լինեն, բայց իրականում չեն, որովհետև չկան այդպիսի բառեր հորինված։ Մի քանի ճամփորդությունների մասին նյութեր եմ գրել, որ փորձել եմ բացատրել զգացածս։ Վերջերս մի ճամփորդության էլ գնացինք, որտեղ երկրորդ անգամ էի արդեն այցելում՝ Սյունիք։ Ես այդ ճամփորդության մասին չգրեցի, բայց ճամփորդության ընթացքում, երբ մեքենայի մեջ նստած սլանում էինք Ղափան, սառը ցուրտ քամին ու մառախուղը մտքերս խառնեցին իրար և ես սկսեցի գրել այն, ինչ մտքումս էր երկար ժամանակ, որը հնարավորություն ունեցա հրապարակելու բլոգումս։ Առհասարակ բլոգում կարող եմ հրապարակել ցանկացած բան՝ իմ մտքերը, իմ կարծիքը, իմ անձնական տեսակետներն ու հեղինակային ստեղծագործությունները։ Ու այդ հնարավորությունները հենց այս դպրոցն է ինձ ընձեռել։ Ես հիմա կարող եմ կանգնել վստահ ու խոսել հստակ ու առանց նախօրոք մտածելու և պլանավորելու խոսքս։ Հիմա ես կարող եմ կանգնել գիտակից հանրության առաջ ու խոսել կամ պատմել ինչ-որ բանի մասին, ու ինձ դուր է գալիս նրանց կլանված դեմքերը։ Առանց կրթահամալիրի ես այդպես էլ երբեք չէի իմանա, որ այս անշունչ, բայց մարդուց հզոր գործիքը կարող է որպես կրթության միջոց ձևանալ ու ՏՏ ոլորտը բացահայտելու գործիք դարձնել։

Արդեն մոռանում էի։ Պարը, պարը մեր դպրոցում։ Երբ նոր էի այս դպրոց եկել ու առաջին երկու օրը տեսա, որ մեր ընդհանուր պարապունքներին բոլորը գնում են կենտրոն ու սկսում միասնական պարել ազգային պարեր, ես զարմանում էի ցանկացած այնտեղ կանգնածի վրա։ Իսկ հիմա ես եմ իմ ընկերների ձեռքերից բռնած գնում կենտրոն ու ասես անկոտրուն ոգով պարում, ու այն հեե՜յը, որ գոչում ենք, մեր սրտի ձայնն է դառնում։ Էլ չասեմ ընկերներիս մասին։ Իմ կյանքի ու անբաժան ընկերների մասին, որ հենց այս դպրոցում գտա։
Համեմատելու չեն այն երկու մարդիկ՝ նախքան այս դպրոց ոտք դրածը և այն ինչ հիմա կա, ու ով իրոք ապրում է կյանքի ամեն մի վայրկյանով։ Երբեք չեմ փոշմանի, որ մի հանկարծակի օր ես ասեցի․ «Պապ, ես ուզում եմ էս դպրոցում սովորեմ»
․․․

No comments:

Post a Comment

Translate