Երկար սպասված ճամփորդություն էր: Մեղրաձորի մեր արկածներից վերադառնալուց հետո բոլորս անհամբեր սպասում էինք մյուս՝ այդպիսի խենթ ու խելառ օրվան: Ճիշտ է սա միօրյա, առանց գիշերակացի ճամփորդություն էր, բայց փորձեցինք առավելագույնս հասցնել ու իրագործել մեր բոլոր պլանավորածներն ու մտածածները: Կրկին մեր անբաժան ու անդավաճան շրջանավարտներից մի քանիսը մեր հետ էին: Մեր խրախճանքին էր միացել նաև ուկրաինուհի մեր նոր ընկեր Իռան:
Ուղևորությունը Թռչկանի ջրվեժ: Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին: Ճանապարհն անցնում էր
1988-ի երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ, այժմ Շիրակամուտ գյուղի մոտով:
Երբ արդեն պիտի լեռը բարձրանայինք, որ հասնեինք ջրվեժին, մի անսպասելի բան տեղի ունեցավ: Որոշվեց, որ ոտքով չպիտի հաղթահարենք բարձունքը, այլ բեռնատարով (Զիլ մակնիշի): Ճանապարհը բավականին երկար էր` 15 կմ: Թառեցինք բեռնատարի մեջ ու սլացանք արծվի պես: Իսկական էքստրիմ էր: Այ հենց այդ ժամանակ հասկացա, որ մեր ակումբի հերթական տարբերվող ու խենթ ճամփորդության մեջ եմ: Մի զգալի հատված, հատկապես գետանցումները, իհարկե, հաղթահարեցինք ոտքով: Վերջապես հասանք Թռչկան ու մեզ զգում էինք հաղթանակած: Վայելեցինք ջրվեժի գեղեցկությունը, թրջվեցինք, ուրախացանք, նկարվեցինք ու հետ վերադարձանք մեր բեռնատարը: Նորից երկար ճամփան շուռ ու մուռ գալով: Ես մտքումս մտածում էի, եթե մենք ողջ առողջ առանց զոհերի հասնենք տեղ, ուրեմն մեծ ձեռքբերում կունենանք:
Շարունակելով 88-ի հետքերով, հասանք Հացիկ գյուղ: Ասում են, մի ժամանակ բոլոր այդ գյուղերը շեն էին` շտեմարանները լեցուն: Իսկ այժմ. Անգամ ճանապարհները մեքենաների համար էին անանցանելի (տղաները քարերով կամրջակներ էին սարքում, որ մեքենան անցնի): Հացիկում է գտնվում մեր ընկերոջ`Վանուշի տունը, ուր արդեն երկրորդ անգամն է մեր խումբն այցելում, իսկ նրանք մեզ գրկաբաց ընդունում են: Սեղանի շուրջ հավաքված հնչեցին պատմություններ, արկածներ, ընկանք հիշողությունների գիրկը, միասին արտասանեցինք, երգեցինք, ծիծաղեցինք: Եկավ հասավ բաժանումի պահը: Հրաժեշտ տվեցինք մեր ընկերոջն ու գնացինք Գյումրի: Ճանապարհն անցնում էր երբեմնի հայաստանյան թեթև արդյունաբերության կենտրոնով: Սակայն` Չուլոչնուց, ԷՍԿԱԲԵԻՑ, Տռիկոտաժից և այլ գործարաններից պատ անգամ չէր մնացել: Մռայլ լռությունը փարատեց վարորդ Գարիկը, ով թույլ տվեց մի պահ իր մեքենան պարահրապարակ դարձնել:
Մարդիկ կային, ում հետ երկար ժամանակ ճամփորդության չէի գնացել, կարոտներս առանք: Մարդ էլ կար, ում հետ երբեք ճամփորդության չէի գնացել՝ Աշոտ Տիգրանյանի: Նա մեր այն ուսուցիչներից է, ով ինձ երբեք դաս չի տվել, ում կարծիքը, բնույթն ու էությունը ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ: Պարոն Տիգրանյանը իմ մտքում մի ձևով էր մարմնավորվել: Ոչ ծեր ու ոչ երիտասարդ: Բայց երբ նրա մասին այս ճամփորդությանը պատմություններ լսեցի, առաջինը ինձ մոտ այն միտքն էր, որ նա կարծես մի հարյուր տարի ապրած լինի: Այնքան բան է հասցրել անել, տեսնել, սովորել, սովորեցնել: Նա իմ մեջ հիմա մեկ ուրիշ կերպարով մարմնավորվեց: Դարձավ այն միակներից, կամ այն միակ մարդկանցից մեկը, ում ասածն ինձ համար միշտ ճիշտ կլինի կամ կթվա ճիշտ: Ես այդ օրը նստած, կլանված լսում էի, թե նա ինչպես էր խոսում, պատմում ու վերլուծում: Բարի ու անկեղծ է: Մի բացահայտում էլ՝ նաև պոետիկ:
Գիտեինք, որ մեզ պոետիկ անակնկալ է սպասվում: Ու հանկարծ իմացանք, որ Աշոտ Տիգրանյանը մեզնից յուրաքանչյուրի անունով ակրոստիքոսներ պիտի գրի: Ամբողջ ընթացքում թուղթն ու գրիչը ձեռքին նա գրում էր, հորինում, ստեղծագործում: Վերջապես իմն արդեն գրված էր: Կանչեց ու առանձին կարդաց: Հիացած էի, որովհետև ես մտածում էի, թե նույնիսկ անունս չգիտի, բայց իրականում ոնց որ ինձ ոտքից գլուխ ճանաչեր:
Ճիշտ են ասում, որ ամեն ճամփորդություն փոխում է մարդու մեջ գոնե մի բան: Ես դրանում բազմիցս եմ համոզվել: Փոխում է մարդու կարծիքը մեկի կամ մի քանիսի մասին: Այս ճամփորդությանը ես քիչ թե շատ ճանաչեցի պարոն Տիգրանյանին:
(Բացահայտում Աշոտ Տիգրանյանին)
(Բացահայտում Աշոտ Տիգրանյանին)
Մի խոսքով մի օրվա ընթացքում այնքան բան հացրինք անել: Կան բաներ, որ կիսատ մնաց: Հիմա պլանավորում ենք, որ մյուս ճամփորդությանը, որն արդեն գիշերակացով կլինի, կանենք մտքներիս փչած ամեն ինչ:
No comments:
Post a Comment