Thursday, May 28, 2015

Պոլիէթիլենային տարաների վնասակար ազդեցությունը

20-րդ դարի 70-ական թվականներից սկսած ամբողջ աշխարհում լայն թափով սկսեց զարգանալ պոլիէթիլենային տոպրակների (ցելո‎ֆաններ), պայուսակների, պարկերի, շշերի արտադրությունը ու դրանց կիրառությունը: Ապրանքների փաթեթավորման նպատակով հազարավոր տոննաներով արտադրվող և սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու տարաները թեթեւ, ամուր և ավելի նպատակահարմար են կենցաղում ամենօրյա օգտագործման համար:Հաշվարկված է, որ աշխարհում ներկայումս յուրաքանչյուր րոպե օգտագործվում է մոտավորապես 1 միլիոն պոլիէթիլենային տարա, իսկ մեկ մարդը տարեկան օգտագործվում է միջինը 130 պոլիէթիլենային տարա` տոպրակների կամ շշերի տեսքով:

Պոլիէթիլենային տարաների մեծ մասը հայտնվելով աղբանոցներում կամ շրջակայքում հաճախ կեր են դառնում ինչպես ընտանի, այնպես էլ վայրի կենդանիների ու թռչունների համար: Հաճախ կենդանիները կերի հետ կամ կերի փոխարեն ուտում են այդ տոպրակները, հիվանդանում և մահանում են, կամ էլ հայտնվում են դրանց «թակար‎դում» և խեղդամահ լինում: Մեծ վնաս են կրում նաև ջրային կենդանիները, քանի որ պոլիէթիլենային տոպրակները և շշերը մեծ քանակությամբ հայտնվում են նաև ծովերում ու օվկիանոսներում:


Ըստ 2001թ. հոկտեմբերի 1-ի "New York Times" պարբերականի տվյալների` պարզվել է, որ հողում որոշակի խոնավության պայմաններում նույնիսկ 1000 տարին բավարար չէ պոլիէթիլենի բնական քայքայման համար, այն դեպքում, երբ թուղթը քայքայվում է 2-3 ամսում, նարնջի կեղևը` 6 ամսում, ծխախոտի մնացոդը` 10-12 ամսում: Սակայն ցավով պետք է նշել, որ պոլիէթիլենը հեշտությամբ է ենթարկվում ‎ֆոտոքայքայման, որի արդյունքում առաջանում են շատ թունավոր միկրոմասնիկներ, որոնք աղտոտում են հողն ու ջուրը` հայտվելով մեր սննդային շղթայում:
Ահավոր վտանգավոր է սննդամթերքը դրանցում պահելը և փաթեթավորելը: Պատրաստված լինելով տարբեր քիմիական նյութերից և անմիջական շփվելով սննդի հետ, ավելի վտանգավոր են դառնում մարդու համար հատկապես, երբ ենթարկվում են ջերմային կամ մեխանիկական քայքայման:

Քաղաքակիրթ երկրները գիտակցել են պոլիէթիլենային տարաների հատկապես տոպրակների վտանգավոր լինելը, որի արդյունքում շուրջ 10 տարի է, ինչ մեծ թափ է առել դրանց դեմ պայքարող բնապահպանական շարժումը: Այդ երկրներում պոլիէթիլենային տոպրակներ արտադրող, կիրառող կամ տարածող գործարաններն ու առևտրի կենտրոնները հսկայական տուգանքների են ենթարկվել: Որոշ երկրներում, օրինակ` Իռլանդիայում, կիրառվում է հատուկ հարկ, որ գնորդը պարտավոր է յուրաքանչյուր պոլիէթիլենային տոպրակի համար վճարել 33 ցենտ (մոտ 125 դրամ): Այդ հարկի կիրառման առաջին իսկ շաբաթների ընթացքում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը նվազել է 94 %-ով: 2008թվականի հուլիսի 1-ից սկսած Կալի‎ֆորնիա նահանգի և Չիկագոյի շատ մթերային խանութներ կտրականապես հրաժարվել են պլաստիկ տարաների օգտագործումից և օգատգործում են թղթից կամ կտորից պատրաստված տարաներ: Եվրոպական շատ երկրներում, հատկապես Անգլիայում, կազմակերպվել են հակապլաստիկային ցույցեր, իսկ հեռուստատեսությամբ կոչ են արել և հորդորել, որ մարդիկ հրաժարվեն պոլիէթիլենային տարաների օգտագործումից:

Պոլիէթիլենային տարաների արտադրության գործընթացը նույնպես վնասակար է, քանի որ աղտոտվում է շրջակա միջավայրը: Արտադրման ընթացքում ծախսվում է էներգիա և մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր և ջերմոցային գազեր, որոնք նպաստում են մթնոլորտի աղտոտմանը և գլոբալ տաքացմանը, որը ամենամեծ աղետն է երկիր մոլորակի վրա: Արտադրության գործընթացը վնասակար է նաև այնքանով, որ օգտագործվում են բնական այնպիսի թանկ ռեսուրսներ, ինչպիսիք են նավթը, բենզինը, բնական գազը, ածուխը, որոնք չեն վերականգնվում և տարիների ընթացքում սպառվում են:
Ամբողջ աշխարհում վերամշակվում է օգտագործված պոլիէթիլենային տարաների չնչին մասը` 1 %-ից էլ պակաս, քանի որ այն չափազանց ծախսատար է: Ըստ Սան- Ֆրանցիսկոյի բնապահպանական վարչության` ԱՄՆ-ում մեկ տոննա պոլիէթիլենային տարաների վերամշակման համար ծախսվում է 4000 ԱՄՆ դոլլար, մինչդեռ արդյունքում արտադրված տարաները կարելի է վաճառել ընդամենը 32 ԱՄՆ դոլլարով: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ դրանք ընդհանրապես չեն վերամշակվում, հակառակ դրան օգտագործումը լայն թափ է ստացել վերջին 15 տարիներին, հատկապես առևտրային կենտրոններում և փոքր ու միջին սննդի կետերում:

Աղբյուր.

No comments:

Post a Comment

Translate