Saturday, January 31, 2015

Խաչակրաց արշավանքերը, դրանց հետևանքները, մշակույթային ձեռքբերումները

Նախաբան
Անհամար զոհեր ու խեղված կյանքեր արժեցած, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանած, Արևմուտքում և Արևելքում տևական ալեկոծություններ առաջադրած խաչակրաց շարժումը ինչ-որ արդյունքներ է ունեցել պատմա-մշակույթային և քաղաքակրթական տեսանկյունից: Հետազոտողների մեծամասնության կարծիքով՝ խաչակրությունն այս առումով եղել է մարդկության պատմության ամենաանպտուղ, ամենաիռացիոնալ և ամենաարկածախնդրական ձեռնարկը:
-----

1095թ. Նոյեմբերի 27-ին, Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում, դիմելով բացօթյա լսարանում հավաքած բազմահազար ունկնդիրներին, Հռոմի պապ Ուրբանոս II-ը կոչ արեց օգնության գնալ մահմեդականների լծի տակ գտնվող արևելյան քրիստոնյաներին, դրանով հենց սկզբնավորելով մի զանգվածային շարժում, որը հետագայում հայտնի պիտի դառնար խաչակրություն անունով: Խաչակրություն բառը (անգլերեն՝ Crusade) «Խաչակրաց արշավանք» նշանակությամբ եվրոպական լեզուներում սկսել է գործածվել XVIII դարից: Թեև միջնադարյան լատին հեղինակներին անծանոթ չեն եղել croiseries/croisades (ֆրանս.), cruzada (իսպան.), cruzeta (իտալ.), և crucesignati (լատ.) բառերը, սակայն նրանց երկերում խաչակրաց արշավանքները սովորաբար կոչվել են ճանապարհորդություն, անցում կամ ուխտագնացություն:
Ուրբանոսի կոչը, Կլերմոնի ժողովից հետո ծավալված եռանդուն քարոզչության շնորհիվ, լայն արձագանք գտավ արևմտյան հասարակության բոլոր շերտերում, և բազմահազար կամավորներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվելու ազդարարված պատերազմին: Ոգևորությունն այնքան համատարած էր և ցանկացողների թիվն այնքան մեծ, որ Ուրբանոսը ստիպված էր նույնիսկ մի քանի սահմանափակումների մտցնել հավաքագրվողների կազմում , մասնավորապես չխրախուսելով ծերերի, կանանց և երեխաների մասնակցությունը: Եվ ահա, 1096թ. Գարնանից ի վեր՝ խոշոր բարոններից, ասպետներից*, եկեղեցականներից, հողազուրկ գյուղացիներից ու թափառաշրջիկներից կազմված խաչակրաց խայտաբղետ բազմությունը, տարբեր ժամանակներում ու տարբեր ճանապարհներով, շարժվեց դեպի Արևելք, այդպիսով ծնունդ տալով մի փոթորկալից գործընթացի, որը պիտի տևեր շուրջ 200 տարի և ունենար հետևյալ գլխավոր հանգրվանները.
1.      Առաջին խաչակրաց արշավանք (1096-1099թթ.), որը գլխավորում էին ֆրանսիական ու նորմանական խոշոր բարոնները, և որի արդյունքում Արևելքում ստեղծվեցին 4 լատինական պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի իշխանությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:
2.      Երկրորդ խաչակրաց արշավանք (1147-1149թթ.), ձեռնարկված Մոսուլի աթաբեկ Զանգիի կողմից Եդեսիայի գրավման (1144թ.) վրեժը լուծելու նպատակով: Լիակատար ձախողությամբ ավարտված այս արշավանքի առաջնորդներն էին գերմանական կայսր Կոնրադ III-ը և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ը:
3.      Երրորդ խաչակրաց արշավանք (1189-1192թթ.), որի մպատակն էր վերանվաճել Սալահեդդինի կողմից 1187թ.-ին գրավված Երուսաղեմ քաղաքը: Այդ արշավանքը, որի հրամանատարներն էին Ֆրիդրիխ Շիկամորուս կայսրը, Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ-Օգյուստը, թեև չհասավ իր բուն նպատակին, բայց նրա շնորհիվ վերականգնվեց Երուսաղեմի թագավորությունը:
4.      Չորրորդ խաչակրաց արշավանք (1204թ. ), որն, ի տարբերություն նախորդ երկուսի, առաջնորդում էին ոչ թե եվրոպական մեծ երկրների թագավորները, այլ մի քանի խոշոր բարոնններ: Այդ արշավանքը մահմեդական Արևելք ուղղվելու փոխարեն, շրջվեց դեպի Բյուզանդիա և ավարտվեց նրա մայրաքաղաքի գրավմամբ ու Կոստանդնուպոլսի լատինական կայսրության հիմնադրմամաբ:
5.      Հինգերորդ խաչակրաց արշավանք (1217-1221թթ.). Երուսաղեմի թագավոր Հովհաննես Բրիենացու, Ավստրիայի դուքս Լեոպորդ VI-ի և պապական նվիրակ Պելագիոսի առաջնորդությամբ իրականցավ այս արշավանքի արդյունքում գրավվեց Եգիպտոսի Դամիատ նավահանգիստը, որը սակայն գրեթե անմիջապես կրկին ընկավ Այուբյան սուլթանների ձեռքը:
6.      Վեցերորդ խաչակրաց արշավանք (1228-1229թթ.), որը միայնակ գլխավորում էր Ֆրիդրիխ II գերմանական կայսրը: Վերջինիս հաջողվեց զուտ դիվանագիտական միջոցներով Եգիպտոսի Այուբյաններից կորզել Երուսաղեմ քաղաքը, որն այս անգամ խաչակիրների ձեռքում մնաց 15 տարի (1229-1244թթ.):
7.      Յոթերորդ խաչակրաց արշավանք (1248-1254թթ.), որի ընթացքում այն առաջնորդող Ֆրանսիայի Լյուդովիկոս IX թագավորը, հինգերորդ արշավանքի օրինակով, գրավեց Դամիատ քաղաքը, բայց շուտով ջախջախիչ պարտություն կրելով, կրկին կորցրեց այն:
8.      Ութերորդ խաչակրաց արշավանք (1270թ.), որը նույնպես իրականացվեց Լյուդովիկոս IX-ի հրամանատարությամբ, սակայն Արևելք ճանապարհելու փոխարեն ուղղվելով դեպի Թունիս, ձախողության մատնվեց, և թագավերն ինքն էլ այնտեղ կնքեց իր մահկանացուն, հետագայում դասվելով սրբերի շարքը:

Խաչակրաց արշավանքների պատճառները
Խաչակրության սոցիալ-տնտեսական նախադրյալների շարքում հետազոտողներից շատերը գլխավոր տեղ են տալիս XI դարում Արևմտյան Եվրոպայում արձանագրված ընդհանուր վերելքին, որն իր դրսևորումն էր գտել նրա հասարակական կյանքի համարյա բոլոր բնագավառներում: Ավարտվել էին ծայրամասայի ժողովուրդների ներխուժումները, նորմաններն ու հունգարիացիները քրիստոնեություն էին ընդունել, զգացնել էր տալիս բնակչության աճի միտումը, վերականգնվել էին միջերկրածովյան քաղաքները և դրա շնորհիվ աշխուժացել էր միջազգային առևտուրը, 1030 թ.-ից սկսել էր իսպանացիների ազատագրական պայքարն արաբների դեմ, Կլունիական վանականության տարածումը նպաստել էր հոգևոր կյանքի առողջացմանն ու բարքերի մաքրմանը, Գրիգոր VII պապի իրականացրած արմատական վերափոխումները, որոնք միտված էին բարձրացնելու Հռոմեական եկեղեցու հեղինակությունն ու ապահովել նրա գերակայությունը աշխարհիկ իշխանությունների նկատմամբ, որոշ չափով հասել էին իրենց նպատակին, և նույնիսկ սրբազան Հռոմեական կայսրության և եկեղեցու միջև այդ հողի վրա առաջացած հակամարտությունը էչ թե վերջինիս թուլության, այլ հզորության արտահայտությունը պետք է համարել: Այս ամենի հետ մեկտեղ, Կարոլինգյան կայսրության քայքայման հետևանքով ընկել էր պետական հաստատությունների հեղինակությունը: Դրության տերն էին դարձել խոշոր ավատատերերն ու ռազմատենչ ասպետները, որոնք շարունակ զբաղվում էին միմյանց դեմ մղվող արյունալի կռիվներով և հակառակորդ ավատատերերին, եկեղեցուն, վանական հաստատություններին պատկանող կալվածքների հափշտակմամբ և գյուղերի կողոպուտով: Ավերածություններն այնպիսի ահավոր չափերի էին հասել,որ եկեղեցին ստիպված էր հայտարարել Աստծու խաղաղության կամ Աստխու զինադադարի օրեր, որոնց ընթացքում արգելվում էր մարտական գործողություններ իրականացնել: Հատկապես անհանգստացնող էր ասպետական դասի ազդեցության տարածումը՝ որպես հետևանք, այսպես կոչված, «մայորատի» կամ անդրանիկության ինստիտուտի կիրառման, որի համաձայն՝ ավատատիրոջ ողջ սեփականությունը ժառանգաբար անցնում էր ավագ որդուն, իսկ կրտսերները, զրկվելով սեփականություն ունենալու հնարավորությունից, ստիպված էին լինում համալրել հոգևորականության կամ ասպետության շարքերը: Սեփականազուրկ ասպետների կողքին, հողային կալվածքների խոշորացման և,ինչպես արդեն նշեցի ավերածությունների հետևանքով, ավելացել էր նաև հողազուրկգյուղացիների թիվը: Նրանց դրությունը ավելի էր ծանրացել XI դարի վերջին տասնամյակում Արևմտյան Եվրոպային բաժին հասած երաշտի ու սովի տարիների պատճառով: Այսպիսով, խաչակրության նախօրյակին Արևմուտքում գոյացել էր սեփականության կարոտ ասպետների ու հողազուրկ գյուղացիների որոշակի ավելցուկ, որն ունակ էր լքելու հայրենի բնակավայրերը և բախտ որոնելու հեռավոր եզերքներում:
Դրա համար նախապատրաստված էր նաև անհրաժեշտ հոգեբանական և գաղափարախոսական մթնոլորտը: Ժամանակի ընթացքում Արևմուտքում ձևավորվել էր դեռևս սուրբ Ավգուստինոսի կողմից (IV-V դդ.) առաջ քաշված արդար պատերազմի հասկացությունը, որի նպատակը աստվածաշնչական «մի՛ սպանաներ» պատվիրանի հաղթահարումն էր, և որի հասկացվում էր զուտ պաշտպանական պատերազմ: Այդ հասկացության բնական զարգացումը ի վերջո պիտի հանգեցներ սրբազան պատերազմի գաղափարին, որի ձևավորմանը մասնավորապես նպաստել էին հեթանոս նորմանների ու հունգարիացիների դեմ մղված երկարատև պատերազմները, ինչպես նաև Իսպանիայում, հարավային Ֆրանսիայում և Սիցիլիայում արաբների դեմ ձեռնարկված ռազմական գործողությունները : Ըստ այդմ, արդար և սրբազան էին համարվում այն հարձակողական պատերազմները, որոնք մղվում էին հանուն քրիստոնեական ոլորտների պաշտպանության և ժամանակին քրիստոնյաներին պատկանած տարածքների վերանվաճման: Միջնադարյան մարդու պատկերացմամբ՝ սրբազան պատերազմները հրահանգվուն էին Աստծո կողմից ու նվիրագործվում Հռոմմի պապի շուրթերով, իսկ պատերազմի մասնակիցները դիտվում էին որպես Քրիստոսի զինվորներ: Սրբազան պատերազմի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկն էլ, որը հատկապես հրապուրում էր զինվորագրյալներին, պապի կեղմից հռչակված մեղքերի համըդհանուր թողություննու հավիտենական կյանքի արժանանալու երաշխիքն էր:
Կաթոլիկ եկեղեցու սրբավայրերի շարքում, Հռոմի և իսպանական Սանտյագո դե Կոմպոստելայի կողքին, Երուսաղեմը զբաղեցնում էր կենտրոնական դիրք, որպես Քրիստոսի չարչարանքների ու հարության վայր, և որպես նրա գերեզմանի սրբատեղի: Հաջորդ հանգամանքը, որ ուխտավորներին ձգում էր դեպի Երուսաղեմ , աշխարհի վերջի մասին գոյություն ունեցող այն վախճանաբանական հավատն էր, որ Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի է ունենալու այդ քաղաքում, ուստի պետք է ներկա գտնվել այդ եզակի իրադարձությանը: 2-րդ գալուստը սպասվում էր առաջին հազարամյակի վերջում, բայց քանի որ դա տեղի չունեցավ , հավատացյալները դրա հույսը կապեցին 11-րդ դարի ավարտի հետ: Սակայն ուխտագնացության տարածման գլխավոր խթանը հանդիսացավ այն իրողությունը, որ բարեպաշտության ցույցից առավել,  այն սկսեց դիտվել որպես ապաշխարության ակտ: Թեև մեծ մասամբ կամավոր՝ բայց շատ հաճախ այն նույնիսկ պարտադիր էր եկեղեցու կողմից, որպես մեղքերի թողության նախապայման: Ուխտագնացությունների շնորհիվ Եվրոպան հաղթահարեց Արևելքի հետ շփվելու հոգեբանական արգելքը, որոշ գիտելիքներ ձեռք բերեց Սուրբ Երկրի ու հարակից շրջանների մասին, ինչն , անշուշտ, ինչ-որ դեր խաղաց խաչակրության գաղափարը կյանքի կոչելու հարցում: Ավելին, բազմաթիվ պատմաբանների կարծիքով՝ խաչակրությունն, ըստ էության, նույն ուխտագնացությունն էր, բայց արդեն լինելով վերջինիս զինված տարատեսակը: Հ. Է. Մայերի դիպուկ արտահայտությամբ՝ «Խաչակրությունը ուխտագնացության տրամաբանական շարունակությունն էր. Ոչ մեկի մտքով չէր անցնի նվաճել Սուրբ Երկիրը, եթե մարդիկ դարեր շարունակ ուխտիչգնային այնտեղ»:

Մշակույթային (չ)ձեռքբերումները
(*ասպետների հիգենան)
Նախ՝ ասպետները բավականին փոքր ու կարճահասակ էին: Նրանցից շատ քչերն ունեին 160 սմ ավելի հասակ: XIV – XV դարերում եվրոպացիները կարճահասակ էին, այդ են վկայում բազմաթիվ պեղումներից հայտնաբերված կմախքները:
Մինչև Խաչակրաց արշավանքները Արևելքի հետ շփվելը, եվրոպացիները լվացվելու սովորություն չունեին: Ասպետների անլվա ու մազառատ դեմքը մեծամասամբ այլանդակված էր ծաղիկ հիվանդությամբ, քանի որ Եվրոպայում դրանով հիվանդանում էին համարյա բոլորը:
Միջնադարյան Եվրոպայում օճառ ու բաղնիք չկար: Նրանք լողանում էին տարվա մեջ  2 – 3 անգամ, այն էլ գետում կամ լճում, այդ պատճառով էլ սաղավարտի տակ ասպետի կեղտոտ ու գզգզված մազերում, ինչպես նաև հագուստի ծալքերում վխտում էին ոջիլներ, լվեր և այլ միջատներ: Ասպետի երկար ու խճճված մորուքում շատ հաճախ «մոլորվում» էին ուտելիքի մնացորդներ և քամու բերած զանազան ու զարմանազան աղբ: Արդեն 25 տարեկանում ասպետների մեծ մասն ատամ չուներ: Այն կորցնում էր բազմաթիվ կռիվներում կամ հիվանդություններից և նրանց անատամ խոսքը դժվար էր հասկացվում:
Միջնադարյան արխիվները վկայում են, որ ասպետական շրջանում կանանց կյանքը քաղցր չէր: Կանանց պատվի պաշտպանությունը ասպետները հասկանում էին յուրովի: Իրեն հարգող ամեն մի ասպետ իր պարտքն ու պատիվն էր համարում զինակցի կնոջը խլելը, նորից՝ ոչ ոք կնոջ կարծիքը չէր հարցնում: Կանանց համար կռիվներն ու մենամարտերը սովորոկան երևույթ էր միջնադարյան Եվրոպոյում: Կինը խոնարհ ու հլու անցնում էր հաղթողին, մինչև հաջորդ մենամարտը: Կանայք կամ չունեին, կամ էլ ունեին շատ սահմանափակ իրավական ու տնտեսական իրավունքներ: Նրանք տնտեսապես ազատ չէին: Նրանց ողջ վաստակն անցնում էր կամ հորը, կամ ամուսնուն, կախված ընտանեական դրությունից: Իրավաբանորեն կինն ապահարզանի իրավունք չուներ, մինչդեռ ամուսինն ազատորեն կարող էր հրաժարվել կնոջից: Միևնույն ժամանակ տղամարդն այնքան կարողություն պիտի ունենար, որ կարողանար փրկագին վճարեր կնոջ համար, եթե նա հայտնվեր գերության մեջ: Մեծ խայտառակություն էր, եթե տղամարդը չէր կարողանում գերությունից ազատել իր կողակցին: Ընդհանրապես շատ տարածված էր վաղ ամուսնությունը: Հրեա աղջիկները ամուսնանում էին 12,5 տարեկանում: Այն ժամանակներում ամուսնությունը կատարվում էր երկու փուլով: Սկզբում ամուսնացող տղամարդն ու աղջկա հայրը պայմանավորվում էին նշանդրեքի մասին, իսկ մի քանի ամիս անց աղջիկը տեղափոխվում էր ամուսնու տուն, և այդ պահից էլ ամուսնությունը համարվում էր օրինական:
Արշավների ժամանակ ասպետը օրերով մնում էր զրահների մեջ և ինքնուրույն, առանց կողմնակի օգնության, չէր կարող այն հանել: Դա էր պատճառը, որ բնական կարիքները ազնվազարմ ասպետները հոգում էին զրահների մեջ:
Կոյուղի չունեցող միջնադարյան եվրոպական քաղաքները ունեին քաղաքը շրջապատող քարակոփ պարիսպների շղթա, որոնց առաջ թշնամուց պատերը պաշտպանելու համար խոր ջրափոսեր էին փորված: Հենց դրանք էլ կոյուղու դեր էին կատարում: Պարիսպներից քաղաքի ողջ կեղտը թափում էին այդ փոսերը: Փարիզում մարդկային արտաթորանքի բլուրներ էին առաջացել քաղաքային պարիսպների մոտ: Սկզբում պարիսպները բարձրացրին, սակայն աճող կեղտակույտերը հասան նոր բարձունքների: Վտանգ կար, որ թշնամին քաղաք կարող էր ներխուժել կեղտաբլուրների վրայով: Բարոք չէր վիճակը նաև քաղաքի ներսում: Անձրևոտ եղանակին կեղտի գետեր էին հոսում փողոցներում: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ են զոհվել կեղտաջրերի հորձանուտներումՏների մեծամասնությունում ոչ միայն պետքարանի հարմարություններ չկային, այլ նույնիսկ փոսեր չկային կեղտը թափելու համար: Նույնիսկ թագավորական պալատուի ներքին բակերում կեղտակույտեր կային: Պալատականները նույնպես առանձնապես մաքրասիրությամբ չէին փայլում: Երբեմն Փարիզը փորձում էին մաքրել: Առաջին այդպիսի «կոմունիստական շաբաթօրյակ» կազմակերպվեց 1666 թվականին և այս իրադարձությունը այնպիսի տպավորություն թողեց ժամանակակիցների վրա, որ դրա առթիվ մեդալ հատեցին:

Աշխատանքից հետո տղամարդիկ իրենց ժամանակն անցկացնում էին բաղնիքներում, որը հռոմեական մշակույթի բաղկացուցիչն էր համարվում: Աշխատանքային օրվա վերջում բոլոր տղամարդիկ, անկախ տարիքից ու սոցիալական դրությունից, հավաքվում էին բաղնիքներում: Այստեղ նրանք ոչ միայն հանգստանում էին, այլև զբաղվում էին սպորտով ու քննարկում էին օրվա իրադարձությունները: Բաղնիքի մոտ գտնվում էին նաև բազմաթիվ առևտրային օբյեկտներ:

Հագուկապից
Հռոմում տղամարդկանց և կանանց մեծամասնությունը տունիկա էր հագնում: Սա գործվածքի տեսակ էր, որ շերտերով փաթաթում էին մարմնին, ընդ որում տունիկների դիզայնն ու երկարություն կախված էր մարդու սոցիալական դրությունից: Հարուստները երկար տունիկներ էին հագնում, մինչդեռ ստրուկների և արհեստավորների տունիկները կարճ էին, որ չխանգարեին ազատ շարժումներին: Տղամարդիկ երբեմն տունիկի վրայից տոգա էին հագնում, էլի կախված սոցիալական վիճակից:



Օգտված գրականություն՝ Լևոն Տեր-Պետրոսյան «Խաչակիրները և Հայերը» Հատոր Ա գրքից
Պատմագետ Հայկազ Մարգարյանի բլոգ՝
https://haykazmargaryan.wordpress.com/2014/12/14/միջնադարյան-ասպետների-հիգենան/
https://haykazmargaryan.wordpress.com/2014/12/07/այն-ինչ-չեն-սովորեցնում-պատմության-դա-2/
https://haykazmargaryan.wordpress.com/2013/04/23/գարշահոտ-եվրոպան/



No comments:

Post a Comment

Translate